12:42 | 15.03.11 | Նորություններ | 4438
Երեւան: Մեդիամաքս: Մարտի 17-ին Երեւանում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Կենգուրու 2011» («Kangaroo 2011») միջազգային մանկական մաթեմատիկական մրցույթը:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, այս տարի մրցույթին կմասնակցեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ 910 դպրոցների 36 հազար աշակերտներ:
2010թ. ԼՂՀ-ում անցկացվել էր փորձնական մրցույթ, իսկ այս տարվանից Արցախի դպրոցները դարձել են «Կենգուրու» մրցույթի լիիրավ մասնակիցներ:
«Երեխաների հետեւողական ու ակտիվ մասնակցությունն ապացուցել է, որ կրթությունը վերջին տեղում չէ նրան հետաքրքրությունների շարքում, եւ որ հայ դպրոցականներն ամեն տարի սիրով եւ ոգեւորությամբ են մասնակցում աշխարհի ամենամասսայական մրցույթին»,- ասել է Դավիթ Սահակյանը:
«Այբ» հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ լայն տարածում ունի նաեւ մրցույթի հայաստանյան կայքը` http://kangaroo.am/, որտեղ տեղադրված են նախորդ մրցույթների խնդիրները, որոնցից ակտիվ օգտվում են «Կենգուրու 2011»-ի ապագա մասնակիցները` դրանք քննարկելով կայքի ֆորումում:
Պատասխանելով Մեդիամաքսի հարցին` Դավիթ Սահակյանն ասել է, որ հիմնադրամը մտածում է Հայաստանում «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար միջազգային ճամբար կազմակերպելու ուղղությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ է նվաճել «Kangourou Sans Frontieres» («Կենգուրու առանց սահմանների») միջազգային ասոցիացիայի կազմկոմիտեի վստահությունը:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում «Կենգուրու»-ի անցկացման կարեւորությունը` նշելով, որ մրցույթը թույլ է տալիս բացահայտել այն երեխաների մաթեմատիկական հակումները, ովքեր հետաքրքրություն չեն ցուցաբերում առարկայի նկատմամբ դպրոցական ծրագրի շրջանակներում:
«Մեզ հաճելի է ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին է «Այբ» կրթական հիմնադրամը, որն իր գործունեությամբ լրացնում է հայ դպրոցականների որակյալ եւ բովանդակային կրթության գործընթացում առկա բացթողումները»,- ասել է Մանուկ Մկրտչյանը: