“ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
12:10 | 02.03.11 | Նորություններ | 3769
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ” ՓԲԸ-ին ապահովել է կապի համալիր ծառայություններով: Օպերատորը հաճախորդին մատուցում է ֆիքսված եւ շարժական կապի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայություններ:
Պայմանագրի համաձայն, բանկին տրամադրվել են թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց` լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջեւ տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հաճախորդը հնարավորություն է ստացել ինքնուրույն կառավարել տարբեր կարգավորումներն ու սահմանել աշխատակիցների առավելագույն զանգերը` web-ինտերֆեյսի միջոցով:
““ԱրմենՏել”-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջեւ եւ անցում կատարել սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագծի իրականացման արդյունքում էապես նվազել են կապի ծախսերը եւ բարձրացել է ընկերության ներսում հաղորդակցության արդյունավետությունը”, - ասել է “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ” ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը:
““ԱրմենՏել” ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար համալիր լուծումների ներդրման մեծ փորձ ունի: Այսօր մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջ տեսականին` սովորական ձայնային կապից մինչեւ կոնվերգենտ բարդ լուծումներ: Կարեւոր է, որ նման ինտեգրումը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն նվազեցնալ ծախսային մասը, այլեւ ապահովել ստորաբաժանումների միջեւ հարմարավետ ու որակյալ փոխգործակցությունը”, - նշել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: