14:36 | 25.02.11 | Նորություններ | 4424

ԿԳ նախարարը «Synopsys-Armenia»-ում ծանոթացել է բուհերի համար մշակված կրթական ծրագրերին

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր այցելել է «Synopsys-Armenia» ընկերություն` երկրի բուհերի համար մշակված կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերության ուսումնական դեպարտամենտում է գտնվում ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի /ՀՊՃՀ/ «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի» ֆակուլտետը, որտեղ ուսանում են բուհի ավելի քան 250 ուսանողներ:

Նրա խոսքերով, «Synopsys-Armenia» ընկերությունը համագործակցում է երկրի 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որոնց լավագույն շրջանավարտները «Synopsys-Armenia»-ում աշխատելու առաջարկ են ստանում: 

ՀՊՃՀ խորհրդի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը նշել է, որ դա բիզնեսի եւ կրթական ոլորտի համագործակցության լավագույն օրինակն է, եւ այդ օրինակը կարելի է կիրառել էներգետիկայի եւ մետաղագործության ոլորտներում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ «Synopsys-Armenia» ընկերության մասին շատ է խոսվում, եւ ոչ միայն որպես հաջող բիզնեսի օրինակի մասին, այլեւ այն համատեքստում, որ ընկերության օրինակով երեւում է, թե ինչպես է գործատուն մասնակցում մասնագետների կրթության գործընթացին, ովքեր աշխատելու են այդ հատվածում:

Արմեն Աշոտյանն ասել է նաեւ, որ մտադիր է նամակ հղել ՀՀ 300 խոշոր հարկատուներին եւ նրանց հրավիրել մասնակցելու կրթական ծրագրերի իրականացմանը ավագ դպրոցներում: Նախարարը կարծիք է հայտնել, որ խոշոր բիզնեսը պետք է պետության հետ կիսի կրթության նկատմամբ պատասխանատվությունը եւ դպրոցներում ներդնի նախնական մասնագիտական կրթության հիմքերը: