14:46 | 16.02.11 | Նորություններ | 3585

Հայաստանում կմշակվի լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ծրագիր

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել են «Լազերային ֆիզիկա, տեխնիկա, տեխնոլոգիա» թեմայով լսում-քննարկումները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԳԱԱ մամուլի ծառայությունում, քննարկումները վերաբերում են ինչպես լազերային ֆիզիկայի հիմնարար խնդիրներին, այնպես էլ կիրառական նշանակության հարցերին:

Քննարկման ընթացքում կներկայացվեն 24 գիտական զեկույցներ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ծրագրի ձեւավորման համար: