Հայաստանում Ericsson-ի գլխավոր տնօրեն Օլաֆ Պարասեւիչը
11:45 | 27.12.10 | Հարցազրույցներ | exclusive 5857
Հայաստանում Ericsson-ի գլխավոր տնօրեն Օլաֆ Պարասեւիչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Itel.am պորտալին
- Հոկտեմբերի 21-ին Հայաստանում բացվեց Ericsson-ի գրասենյակը: Պատմեք, խնդրեմ, գործունեության ո՞ր ուղղություններն են հիմնական լինելու գրասենյակի համար:
- Իմ կարծիքով, Հայաստանում մեր գրասենյակի բացումը Ericsson-ի համար
Հայաստանի եւ մեր տարածաշրջանային գործընկերների նշանակության վառ ապացույցն է: Առհասարակ, ողջ տարածաշրջանը, որը ներառում է Կենտրոնական Ասիայի երկրները, Ericsson-ի գլոբալ ակտիվության համար ունի ռազմավարական առաջնահերթություն: Երկրի ու ընդհանուր առմամբ տարածաշրջանի ներուժը շատ լուրջ է:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին մենք Հայաստանում հեռահաղորդակցային շուկայի բուռն զարգացման ականատես ենք դարձել: Այդ հզոր դինամիկան եւ, նախեւառաջ, բջջային կապի բաժանորդների ու ինտերնետի սպառողների թվի սրընթաց աճը նպաստում են տարածաշրջանում մեր գործնական ակտիվության ընդլայնմանը:
Եթե խոսենք Հայաստանում մեր աշխատանքի ուղղությունների մասին, ապա, առաջին հերթին, մենք շեղվում ենք մեր գործընկեր օպերատորների պահանջմունքներից ու օրակարգից: Անկասկած, դա բջջային եւ ֆիքսված կապն է, բջջային եւ ֆիքսված լայնաշերտ հասանելիությունը, համակցված ծառայությունները, IP-հեռուստատեսությունը եւ նորարարական ծառայությունները նոր սերնդի ցանցերի համար:
- Խոսակցություններն այն մասին, որ Ericsson-ը կարող է գրասենյակ բացել Հայաստանում, շրջանառվում էին մի քանի տարի: Ի՞նչը վճռորոշ գործոն հանդիսացավ որոշում կայացնելու համար:
- Ericsson ընկերությունն ունի ՀՀ առաջատար օպերատորների հետ համագործակցության բավականին երկար եւ հաջող փորձ: Մենք հայաստանյան շուկայում գործում ենք դեռեւս 2007 թ-ից, երբ ստորագրվեց ֆիքսված կապի համար սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ առաջին պայմանագիրը մեր գործընկեր «ԱրմենՏել»-ի հետ, որը մտնում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ: Նոր գրասենյակի վերջերս կայացած բացումը վկայում է այն մասին, որ Հայաստանում մեր գործընկեր-օպերատորների բիզնեսը հաջող է զարգանում, իսկ դա նշանակում է, որ մեր առջեւ բացվում են նոր հնարավորություններ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Այսօր Ericsson-ի լուծումների եւ Հայաստանում օպերատորների համառ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք լիարժեքորեն օգտվել կապի նոր միջոցների առավելություններից եւ հանդես գալ որպես գլոբալ տեղեկատվական ցանցի ակտիվ մասնակիցներ: Հուսով ենք` մեր ընկերությունը կարող է Հայաստանին առաջարկել ոչ միայն իր տեսակի մեջ լավագույն լուծումները, այլեւ խանդավառությունը, գիտելիքն ու մասնագիտական փորձը, որոնք երկրին կօգնեն համընթաց քայլել ժամանակին հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում:
- Բացման ընթացքում նշվեց, որ Հայաստանում Ericsson-ի գրասենյակի բացումը նոր քայլ կդառնա երկրի առաջատար օպերատորների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ի՞նչ է ենթադրում երկարաժամկետ ռազմավարությունը, ի՞նչ տեսք է այն ունենալու:
- Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեր արդյունաբերությունը մի քանի անգամ փոփոխվել է: Հիշենք, քսաներորդ դարի երկրորդ կեսին, ինչպես եւ դարասկզբին, կապի արդյունաբերությունը զբաղվում էր նրանով, որ «լարին» միացնում էր ֆիզիկական օբյեկտներ, պարզ ասած, վայրեր` շինություններ, առանձնատներ, բնակարաններ, հեռախոսային տաղավարներ: Բջջային կապի ի հայտ գալով ոլորտի բնույթը փոխվեց, մենք սկսեցինք միացնել մարդկանց: Այդ կարեւոր փոփոխության շնորհիվ այս տարի արդյունաբերությունը արձանագրեց լուրջ նշաձող. աշխարհում բջջային կապի սպառողների թիվը գերազանցեց 5 մլրդ-ը: Մենք Ericsson-ում հավատում ենք, որ առաջիկա տասնամյակում մեզ կրկին փոփոխություն է սպասվում. մենք կսկսենք միացնել այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, այսինքն, բոլոր սարքավորումները` ոչ միայն սարքավորումները, թեեւ դրանք, անկասկած, եւս, այլեւ այն ամենը, ինչը կարող է շահել բջջային ցանցին կամ ինտերնետին միանալիս: Մենք համոզված ենք, որ ընդամենը 10 տարի անց մենք կխոսենք ոչ թե 5, այլ 50 մլրդ «միացումների» մասին` մարդկանց, վայրերի եւ առարկաների:
20-րդ դարասկզբին, երբ մարդիկ մտածում էին էլեկտրականության մասին, նրանք պատկերացնում էին «լույս», կամ նույնիսկ էլեկտրական լամպեր: Իսկ այժմ մեզ շրջապատում են էլեկտրական ցանցերի միացված հազարավոր առարկաներ: Նրանք բոլորը մեր կյանքը դարձնում են ավելի հեշտ, հարմար, արդյունավետ: Մենք հավատում ենք, որ նույնը մոտ ապագայում տեղի է ունենալու նաեւ բջջային ցանցերի հետ:
Սակայն դա անհնարին կլինի առանց բոլոր շահագրգիռ կողմերի սերտ համագործակցության` օպերատորների, մատակարարների, ծրագրային ապահովում մշակողների, տարբեր արդյունաբերություններ ներկայացնող ընկերությունների` տրանսպորտայինից մինչեւ բանկային, որտեղ «միացման» առավելությունները դեռ պետք է տեսնել գործնականում: Մեր հավակնոտ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հարաբերությունների նոր բնույթ բազմաթիվ տեխնոլոգիական շղթաների մասնակիցների միջեւ, երկարաժամկետ փոխգործակցություն եւ համագործակցություն, անհրաժեշտ են նոր բիզնես-մոդելներ: Ericsson-ը թե գլոբալ, թե լոկալ մակարդակում այստեղ` Հայաստանում բոլոր առկա եւ հավանական գործընկերներին հրավիրում է հետագա երկխոսության եւ նոր բիզնես-մոդելների մշակման:
- ՀՀ խոշոր դերակատարներից Ericsson-ը աշխատում է VivaCell-MTS եւ ArmenTel-Beeline բջջային օպերատորների ու Ucom ինտերնետ-պրովայդերի հետ: Ներկայացրեք, խնդրեմ, համագործակցության առանձնահատկությունները այդ դերակատարներից յուրաքանչյուրի հետ:
- Ինչպես արդեն ասացի, Հայաստանում Ericsson-ի ակտիվ աշխատանքը մեկնարկել է 2007թ., երբ «ԱրմենՏել»-ը Ericsson-ին ընտրեց որպես սարքավորումների ու ծառայությունների բացառիկ մատակարար նոր սերնդի համակցված ցանցի շինարարության համար IP Multimedia Subsystem (IMS) լուծման հիման վրա: Արդյունքում օպերատորը կարող է իր բաժանորդներին առաջարկել համակցված ծառայություններ, որոնց հասանելիությունն ապահովվում է կապի ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային ցանցերից:
2007թ. մեր ընկերությունը սկսեց համագործակցել «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորի հետ, այժմ մեր համագործակցությունն ակտիվ զարգանում է: Մասնավորապես, այս տարի մենք դարձանք գործընկերներ 4G/LTE ցանցի փորձարկման գործում, եւ դա լուրջ նվաճում է Հայաստանի համար, որը մի պահ հայտնվեց աշխարհի ամենաառաջավոր երկրների թվում նոր սերնդի ցանցերի զարգացման գործում: Եվ մենք, անկասկած, շնորհակալ ենք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մեր գործընկերներին այդչափ կարեւոր նշանակության ծրագիրը համատեղ զարգացնելու հնարավորության համար:
2009թ. Ericsson-ը համաձայնագիր է ստորագրել Ucom ընկերության հետ IPTV համալիր լուծում, GPON օպտիկամալուխային կապի տեխնոլոգիա եւ IMS համակարգի հիման վրա հեռախոսակապ մատակարարելու վերաբերյալ, ինչը օպերատորին թույլ է տվել հասանելիություն տրամադրել լայնաշերտ ինտերնետին, ֆիքսված հեռախոսակապին եւ բարձրորակ ինտերակտիվ հեռուստատեսությանը ՀՀ սպառողների համար: Գաղտնիք չէ, որ ավանդական հեռարձակման հեռուստատեսությունը վերջին տարիներին կանգնած է, որոշակի հայեցակարգային ճգնաժամի շեմին: Ժամանակակից հեռուստադիտողը հեռուստատեսությունից ակնկալում է ինտերակտիվության նույնպիսի մակարդակ, ինչպիսին ցանցում է. նա ցանկանում է ազատություն, հարմարավետություն եւ քոնթենթի անվերջ ընտրություն: Մենք հավատում ենք, որ ապագան թվային IP-հեռուստատեսությանն է, քանի որ հենց նա է թույլ տալիս գործնականում իրագործել ինտերակտիվ, ընտրության լայնության առումով գրեթե անսպառ հեռուստատեսության հայեցակարգը:
- IT-ի եւ լայնաշերտ հասանելիության զարգացումը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Կարո՞ղ է արդյոք Ericsson ընկերությունը դեր խաղալ Հայաստանում IT զարգացման խթանման գործում հետազոտական, ուսուցողական եւ այլ ծրագրերի իրագործման միջոցով:
- Անկասկած, մենք շահագրգռված ենք մասնակցել այդ կարգի նախագծերի: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Հայաստանում մեր գործընկերների միջոցով մենք արդեն մասնակցում ենք այդ գործընթացներին:
Նախորդ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում անցկացվեցին հազարավոր հետազոտություններ, որոնց նպատակն էր ուսումնասիրել հեռահաղորդակցային արդյունաբերության ազդեցությունը տարբեր երկրների տնտեսության եւ հասարակության վրա: Դրանց ճնշող մեծամասնությունը բացահայտեց 2 կարեւորագույն կախվածություն: Նախեւառաջ, դա ամուր կապն է լայնաշերտ ինտերնետի թափանցելիության մակարդակի եւ տնտեսության աճի տեմպի միջեւ: Լայնաշերտ հասանելիության թափանցելիության յուրաքանչյուր 10% աճի դեպքում երկիրը միջինը ստանում է ՀՆԱ կայուն աճի 1%: Երկրորդ, լայնաշերտ հասանելիության յուրաքանչյուր հազարերորդ նոր միացման դեպքում հասարակությունը միջինը ստանում է 80 նոր աշխատատեղ:
Ինչո՞ւ է դա տեղի ունենում:
Առաջին հերթին, գոյություն ունի տնտեսության համար ուղղակի արդյունք հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացումից: Զարգացած տնտեսություններում ՏՀՏ-արդյունաբերության ուղղակի ավանդը ՀՆԱ-ում կարող է հասնել մի քանի տոկոսի: Կարեւոր է, որ այսօր ՏՀՏ-ն եւ հեռահաղորդակցություններն այսօր ներկայացնում են գիտելիքի արտադրություն ու փոխանցում, դա նշանակում է ոչ միայն զանգվածային ներդրումներ ցանցերի շինարարության համար, այլեւ հետագա ներդրումներ` համաշխարհային շուկայում պահանջարկ ունեցող ավելի շատ գիտելիք ստեղծելու հնարավորության մեջ: Եվ, ակնհայտ է, դա բնակչության զբաղվածության, եկամտի աճն է, արդյունքում` եկամտի իրենց մակարդակը բարձրացրած քաղաքացիների կողմից ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ վճարունակ պահանջարկը:
Երկրորդ, դրանք անուղղակի արդյունքներ են` պայմանավորված ՏՀՏ եւ կապի ոլորտում մուլտիպլիկատիվ արդյունքով: Գաղտնիք չէ, որ բջջային կապի եւ լայնաշերտ հասանելիության թափանցելիությունն այսօր աշխատանքի արտադրողականության աճի կարեւոր գործոններից են: Հեռահաղորդակցությունն արագացնում է տեղեկատվության փոխանակումն ու որոշումների կայացումը, իսկ դա ժամանակակից մրցունակ տնտեսության հիմքերից մեկն է:
Ավելին, զարգացած կապերը արտասահմանյան ներդրումների ներգրավման առանցքային գործոններից են: Այսպես, հանդես գալով ներդրումային հասարակության առջեւ` հնդիկ ղեկավարները, օրինակ, միշտ խոսում են իրենց օդանավակայանների, ճանապարհների, կրթական մակարդակի եւ կապի ու գերարագ ինտերնետի ներթափանցման մակարդակի մասին: Եվ դա հասկանալի է. խոշորագույն համաշխարհային ընկերությունների համար բջջային կապը եւ լայնաշերտ հասանելիությունը աշխատանքի ամենակարեւոր պայմաններից են: Իսկ ներդրումների հոսքից տնտեսությունը սկսում է ավելի ուժեղ ալեկոծվել:
Ի վերջո, հասանելիությունը ցանցին հասարակությանը հնարավորություն կտա ավելի արագ ավելացնել մարդկային կապիտալը, բարձրացնել կրթական մակարդակը, օգտագործել ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները, միանալ գիտելիքի խոշորագույն գրադարաններին եւ մասնակցել ապագայի նորագույն տեխնոլոգիաների մշակմանը: Դա նաեւ հնարավորություն է երկրում պահել առավել հեռանկարային գիտնականներին եւ տեխնոլոգներին` ապահովագրվելով «ուղեղների արտահոսքից» դեպի արտասահման:
Ընդհանուր առմամբ, մենք Ericsson-ում վստահ ենք, որ ժամանակակից հաղորդակցությունների զարգացումը տնտեսությանն ու հասարակությանը հաղորդում է դինամիկ աճի նոր խթան, նշանակում է` մեր ամենօրյա աշխատանքը դարձնում է ոչ իզուր: