16:07 | 23.12.10 | Նորություններ | 2808

«ԱրմենՏելը» խոստանում է բարելավել Hi-Line-ի բաժանորդների սպասարկման մակարդակը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ ընկերությունը անհապաղ քայլեր կձեռնարկի Hi-Line ինտերնետ-ծառայությանը միացող բաժանորդների սպասարկման մակարդակը բարելավելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, iTel.am պորտալում Իգոր Կլիմկոյի բլոգի ընթերցողներից մեկը բողոքել է, որ մոդեմն իրեն տուն առաքած AA-Soft ընկերության աշխատակիցը («ԱրմենՏելը» նշված ընկերության հետ կնքել է մոդեմների առաքման պայմանագիր) չի տրամադրել իրեն մոդեմի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, մասնավորապես, VCI եւ VPI համարները, ինչպես նաեւ այն, թե միացման ինչպիսի եղանակ ընտրել: AA-Soft ընկերության աշխատակիցներն էլ իրենց հերթին առաջարկում են հաճախորդներին միացնել մոդեմը 3000 դրամով:

«Մենք անհապաղ քայլեր կձեռնարկենք նման դեպքերի բացառման ուղղությամբ», - գրել է Իգոր Կլիմկոն իր բլոգում, հավելելով, որ կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ նաեւ օպերատորի կայքում (http://www.beeline.am/hiline/hiline_setup.html):