11:00 | 08.12.10 | Նորություններ | 1868

Երեւանում ընթանում է կիբեռանվտանգության թեմայով քննարկում

Երեւան/Մեդիամաքս/. ԵԱՀԿ-ի աջակցությամբ Երեւանում մեկնարկել է կիբեռանվտանգության ոլորտում առկա մարտահրավերների քննարկումը:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԵԱՀԿ կիբեռահանցավորության դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչ Դիմիտար Յալնեւը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի երկրների թվում Հայաստանը վերջին տարիներին առաջ է անցել կիբեռանվտանգության հարցերում: Նա բարձր է գնահատել կիբեռհանցավորության դեմ պայքարին ու այդ ոլորտում անվտանգության բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մշակվել է Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, ինչպես նաեւ Կիբեռհանցավորության դեմ պայքարի ազգային ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացվի երկրի նախագահի հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանը նկատել է, որ 2010թ. ՀՀ կառավարական կայքերը ենթարկվել են հաքերային հարձակումների, սակայն Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի շրջանակներում համապատասխան լուրջ միջոցառումներ ձեռնարկելուց հետո դրանք կտրուկ նվազել են: Նա ընդգծել է, որ կիբեռհանցավորության դեմ պայքարը մշտապես գտնվում է կառավարության եւ երկրի ղեկավարի ուշադրության կենտրում: