13:57 | 17.11.10 | Նորություններ | 4185

Microsoft-ի նախաձեռնությամբ այսօր կնշվի Սպառողների իրավունքների պաշտպանության օրը

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft ընկերության նախաձեռնությամբ այսօր Հայաստանում առաջին անգամ կնշվի Սպառողների իրավունքների պաշտպանության օրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, միջոցառումը նվիրված կլինի կեղծված եւ «ծովահենային» ապրանքատեսակներից սպառողների պաշտպանության թեմային:

Գրիգոր Բարսեղյանը տեղեկացել է, որ 2006թ. Հայաստանում «ծովահենային» ապրանքատեսակները զբաղեցրել են շուկայի 96%-ը, իսկ 2009թ. ցուցանիշը կրճատվել է 6%-ով: Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, դա թույլ է տվել պետբյուջեի հարկային մուտքերն ավելացնել $5 մլն-ով: 2010թ. արդյունքներով ակնկալվում է նաեւ «ծովահենության» մակարդակի 2-3% նվազում:

Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ արտոնագրված արտադրանքի գինը բարձր է «ծովահենային» ապրանքի գնից, սակայն չարտոնագրված արտադրանքի հասցրած վնասը կարող է շատ ավելի մեծ լինել:

Նա նկատել է, որ Microsoft ընկերությունն անհատական մոտեցում է ցուցաբերում, մասնավորապես, առաջարկելով տարբեր սակագներ ներտնային սպառողների, գրասենյակների եւ կորպորատիվ հաճախորդների համար:

Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ հեղինակային իրավունքի համար պայքարում առանցքային դեր ունի կառավարությունը, քանի որ հենց դրանից է կախված Հայաստանում գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված տնտեսության հետագա զարգացումը: