ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը
D-Link ընկերության ԱՊՀ տարածաշրջանի գծով տնօրեն Վլադիմիր Լիպինգը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
12:55 | 29.10.10 | Նորություններ | 4563
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր կայացել է Digitec Expo 2010 բարձր տեխնոլոգիաների վեցերորդ ամենամյա ցուցահանդեսի բացումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ցուցահանդեսի բացմանը միջոցառման կազմակերպիչը հանդիսացող ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ Digitec-ը դարձել է «Հայաստանում տեխնոլոգիական ձեռնարկատիրության եւ ինժեներության տոն»:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորի` D-Link ընկերության ԱՊՀ տարածաշրջանի գծով տնօրեն Վլադիմիր Լիպինգը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը տպավորիչ հաջողությունների է հասել IT-արդյունաբերության զարգացման ոլորտում, եւ այնպիսի միջոցառումները, ինչպիսին է Digitec-ը, թույլ են տալիս ոլորտին լրացուցիչ խթան հաղորդել: Վլադիմիր Լիպինգը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան կաճի 4-5 անգամ` նշելով, որ D-Link ընկերությունը պատրաստ է այդ հարցում օժանդակել UITE-ին եւ ՀՀ կառավարությանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Digitec-ը մի կողմից թույլ է տալիս իմանալ, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել ոլորտում վերջին տարվա ընթացքում, մյուս կողմից` բացահայտել ՀՀ IT-հատվածի նոր հեռանկարները:
Digitec Expo-ն կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 68 միջազգային եւ տեղական ընկերություններ: Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կկազմի շուրջ 15 հազար: Ցուցահանդեսի բոլոր այցելուները կմասնակցեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի (ցուցահանդեսի պլատինե հովանավորը), Unicomp-ի եւ Icon Communications-ի սահմանած մրցանակների խաղարկությանը:
Ցուցահանդեսի օտարերկրյա մասնակիցների թվում են Crone գերմանական ընկերությունը, Singapore Technologies Kinetics սինգապուրյան ընկերությունը, Սամարայի պետական աէրոտիեզերական ինստիտուտը եւ D-Link-ը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա նորաստեղծ IT-ընկերությունների ֆորումը, DigiLife մի շարք սեմինարներ, ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունը, ինչպես նաեւ «Էլեկտրոնային կառավարում» ֆորումը, որի շրջանակներում կներկայացվեն պետական կառույցների էլեկտրոնային ծառայությունները: