«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը
12:49 | 14.10.10 | Նորություններ | 3930
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան 3 ընկերություններ` «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորը, «Իննովա Սոլյուշնս» IT-ընկերությունը եւ «Վիստաա Պլյուս» քոնսալթինգային ընկերությունը European Business Awards մրցանակաբաշխության արարողությանը արժանացել են «Պատվո Ժապավենների»: Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորրորդ անգամ եւ այս տարի հովանավորվում է HSBC խմբի կողմից:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդն ասել է, որ հայաստանյան ընկերությունների մասնակցությունը հաղթողների ընտրությանը հնարավոր է դարձել Հայաստանում HSBC խմբի ներկայության շնորհիվ, եւ տեղեկացրել է, որ մրցանակ ստանալու հայտ է ներկայացրել շուրջ 1000 ընկերություն ամբողջ Եվրոպայից եւ 9 ընկերություն Հայաստանից: «Еuropean Business Awards-ի ժյուրին ընտրել է եվրոպական 100 լավագույն ընկերություններ, ներառյալ 3 հայաստանյան ձեռնարկություններ»,- նշել է Ասթրիդ Քլիֆֆորդը:
European Business Awards-ի «Պատվո ժապավենները» շնորհվում են 9 անվանակարգերում` «Տարվա բիզնես», «Տարվա գործարար», «Տարվա նորարարություն», «Ֆոկուս դեպի հաճախորդը», «Աճի ռազմավարություն», «Տարվա գործատու», «Կորպորատիվ պատասխանատվություն», «Բնապահպանական իրազեկվածություն» եւ «Նախագահի ընտրություն»: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» առեւտրավարկային վարչության կառավարիչ Արամ Փինաջյանը մեկնաբանել է, որ հաղթողներն ընտրվում են նրանց ֆինանսական հաշվետվությունների եւ վերջին տարվա ընթացքում արձանագրված նվաճումների ուսումնասիրության հիման վրա:
Ասթրիդ Քլիֆֆորդը տեղեկացրել է, որ հաղթողներն իրենց մրցանակները կստանան European Business Awards-ի գալա-ընթրիքի ընթացքում, որը կկայանա նոյեմբերի 16-ին Փարիզում: