11:13 | 05.10.10 | Նորություններ | 4172
Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 1-ի դրությամբ Idram ինտերնետ-վճարային համակարգի ծառայություններից օգտվում է 31 500 գրանցված բաժանորդ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Իդրամ» ՍՊԸ մամուլի քարտուղար Աննա Գրիգորյանը, տարեսկզբից Idram համակարգի օգտագործողների թիվը ավելացել է ավելի քան 5 500-ով, ինչը պայմանավորված է առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնմամբ, ինչպես նաեւ հաճախորդների նույնականացման մեխանիզմի ներդրմամբ, ինչը նպաստում է էլեկտրոնային վճարումների նկատմամբ օգտագործողների վստահության ավելացմանը:
Ինչպես պարզաբանել է Աննա Գրիգորյանը, հաճախորդների նույնականացման մեխանիզմը, որը ներդրվել է միջազգային չափանիշներին եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ենթադրում է հաճախորդի անձի պարտադիր նույնականացում նրա պաշտոնական փաստաթղթերին:
Վերջին մեկ տարվա ընթացքում համակարգից օգտվողները հնարավորություն են ստացել առցանց մարել վարկերն ու վճարել հարկեր եւ տուրքեր: Տարեսկզբին ԿԲ կողմից ստացած դրամական փոխանցումներ իրականացնելու արտոնագրի շնորհիվ մոտ ապագայում համակարգի օգտագործողները կարող են փոխանցումներ իրականացնել միջազգային դրամական փոխանցումների 2 համակարգերով` Coinstar եւ BLIZKO:
Տարեսկզբից Idram ինտերնետ-վճարային համակարգի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20%-ով: Վճարումների մեծ մասը (շուրջ 70%-ը) բաժին է ընկնում կոմունալ եւ բջջային կապի վճարումներին:
Վերջին ժամանակահատվածում ընկերությունը գործընկերային համաձայնագրեր է կնքել եւս 2 բանկի` «Յունիբանկի» եւ «Հայէկոնոմբանկի» հետ, որոնց շրջանակներում համակարգի հաճախորդները կարող են լիցքավորել եւ կանխիկացնել էլեկտրոնային միավորները (ID): «Իդրամի» գործընկերների թվում են նաեւ «Հայբիզնեսբանկը» եւ «Արդշինինվեստբանկը»:
Ինչպես հայտնել է Աննա Գրիգորյանը, ներկայումս ընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է ծավալում էլեկտրոնային փողերի թողարկման եւ սպասարկման թույլտվություն ստանալու ուղղությամբ: