ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը
14:12 | 04.10.10 | Նորություններ | 3736
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հայտարարել է ապրանքների եւ ծառայությունների էլեկտրոնային լիցենզավորման համակարգի ներդրման մասին:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այսուհետ www.e-gov.am/licenses կայքում բոլոր ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համապատասխան նախարարություն` իրենց գործունեության լիցենզավորման նպատակով:
Նրա խոսքերով, գրանցման դեպքում հայտ ներկայացնողը ստանում է 12-նիշանոց գաղտնաբառ համակարգի օգտագործման համար եւ կարող է հետեւել լիցենզիայի տրամադրման ընթացքին: Դավիթ Սարգսյանը նշել է, որ լիցենզավորման էլեկտրոնային համակարգը զգալիորեն կրճատում է կոռուպցիոն ռիսկերը եւ բյուրոկրատիան:
Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ լիցենզավորման էլեկտրոնային համակարգը բացառում է նաեւ համապատասխան փաստաթղթերը, պատասխան նամակը եւ այլ թղթեր կորցնելու հնարավորությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ վերջին նիստում կառավարությունը հաստատել էր ապրանքների եւ ծառայությունների լիցենզավորման կարգի պարզեցման, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները 40%-ով կրճատելու մասին օրինագիծը:
Նրա խոսքերով, լիցենզիայի գործող 169 տեսակներից առաջարկվում է թողնել 96-ը, ինչպես նաեւ խմբավորել գործունեության նմանատիպ տեսակները` լիցենզավորման ընթացակարգի պարզեցման նպատակով:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասել է, որ ներկայումս ավարտվում են պետական վճարումների մարման էլեկտրոնային համակարգի պորտալի տեխնիկական հանձնարարությանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքերով, առաջիկայում կառավարությունը քաղաքացիներին հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել բանկային քարտերով` ինտերնետի միջոցով: