14:02 | 30.06.10 | Նորություններ | 3168

«ԱրմենՏել»-ը նախազգուշացվել է ՏՄՊՊՀ կողմից

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ այսօր նախազգուշացում է կատարել «ԱրմենՏել» ՓԲԸ-ին (Beeline ապրանքանիշ)` «բաժանորդներին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության փորձի համար»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախազգուշացում է կատարվել հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում` հիմնված մամուլի հրապարակման վրա:

Հրապարակման համաձայն, բաժանորդը օպերատորի սպասարկման կենտրոնից ստացել է հաշվի լիցքավորման 1000 դրամանոց քարտ` գիշերային ժամերին շարժական ինտերնետի ծառայություններից օգտվելու նպատակով: Հետագայում բաժանորդը պարզել է, որ հաշվեկշռի վրա ունենալով 360 դրամից պակաս գումար` չի կարող օգտվել ծառայությունից: Բացի այդ, հաշիվը սպառելուց հետո բաժանորդից գանձվում է եւս 83 դրամ, ինչի մասին չի զգուշացվում ոչ սպասարկման կենտրոնում, ոչ «ԱրմենՏել»-ի ինտերնետային կայքում:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով, հանձնաժողովը օպերատորի նման գործողությունները որակել է որպես սպառողներին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության փորձ, սակայն, հաշվի առնելով, որ վարույթի ընթացքում «ԱրմենՏել»-ը վերացրել է խախտումը եւ պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել սպառողներին հասցրած վնասը, որոշում է կայացվել ընկերության նկատմամբ կիրառել մեղմ պատժամիջոց` նախազգուշացում:

Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն խնդիրը քննարկել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որը եւս օպերատորի գործելաոճը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:

«Ի նկատի ունենալով բջջային կապի շուկայում նման նախադեպերի հնարավոր կրկնությունը` հանձնաժողովն այսուհետ եւս ուշադրության կենտրոնում է պահելու բջջային կապի օպերատորների գործունեությունը»,- ամփոփել է ՏՄՊՊՀ նախագահը: