ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյան
12:59 | 02.06.10 | Նորություններ | 3826
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Armix ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի ստեղծումը, եւ պրովայդերների միջեւ անվճար պիրինգի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ-ի որոշումը որքանո՞վ է հարաբերվում այդ կառույցի ստեղծման հետ:
- Մենք ողջունում ենք Armix-ը ստեղծելու նախաձեռնությունը: Փաստորեն, առաջին անգամ պրովայդերները փորձել են ինքնակարգավորվել եւ գտնել մի այնպիսի որոշում, որը կհանգեցնի փոխադարձ շահեկան տնտեսական ու տեխնիկական լուծումների բոլոր օպերատորների համար:
Նման գաղափարի իրականացման անհրաժեշտությունը` առանց կարգավորող մարմնի միջամտության, վաղուց էր զգացվում: Դա տարածված համաշխարհային փորձ է, սակայն եվրոպական շատ երկրներում պիրինգային կենտրոնի ստեղծումը օպերատորներին թելադրվում է պետության կողմից, հանդիսանում է պետության սեփականությունը, կամ ձեւավորվում է կարգավորչի քաղաքականության արդյունքում:
ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է այդ փորձը եւ անհրաժեշտ տեղեկատվություն ունի պիրինգային կենտրոնների համաշխարհային զարգացումների վերաբերյալ: Եթե խոսենք անվճար պիրինգի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ հայտնի որոշման մասին, կարծում եմ, որ այսօր մենք ընտրել ենք առավել ազատական ուղին, մի քանի պարտադիր պայմաններ ենք առաջադրել ընկերություններին` օպերատորներին չպարտադրելով մասնակցությունը Armix նախագծին:
Միաժամանակ, կարծում եմ, օպերատորների ճնշող մեծամասնությունը կմիանա այդ կառույցին, եւ իր պիրինգային միացումները կիրականացնի դրա շրջանակներում, քանի որ մեկ կետում բոլոր պիրինգային միացումների առկայությունը տնտեսապես արդյունավետ է եւ հեշտ իրագործելի:
Միաժամանակ, մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է ինքնուրույն որոշի Armix-ին իր մասնակցության հարցը: ՀԾԿՀ որոշման մեջ մենք ամրագրել ենք հետեւյալը. պիրինգի նվազագույն շեմը պետք է կազմի 10 մեգաբայթ/վայրկյան, միջին ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի օպերատորների ցանցի թողունակության 60%-ը: Որակի տեսանկյունից սպառողի համար շատ կարեւոր է սահմանափակումների բացակայությունը, ինչը կպարզեցնի հայկական ինտերնետային ռեսուրսներից տեղեկատվություն ստանալու գործընթացը` արտասահմանյան սերվերների շրջանցմամբ: Այսպիսով, տնտեսվում է ժամանակն ու գումարը, բարձրանում է ինտերնետի որակը, իսկ օպերատորները տնտեսում են միջազգային թրաֆիկի գնման համար վճարվող գումարները:
- ՀԾԿՀ-ն վերջերս հաստատեց երեք օպերատորների կողմից բջջային կապի ծառայությունների մատուցման մասին հաշվետվության ձեւը: Ո՞րն է որոշման նպատակը, եւ կարո՞ղ է արդյոք նման մոնիտորինգը հանգեցնել բջջային կապի ծառայությունների շուկայում գերակա դիրք զբաղեցնող օպերատորի բացահայտմանը:
- Շուկայի վիճակի ճիշտ գնահատման համար ցանկացած կարգավորիչ պետք է տեղեկատվություն ունենա օպերատորների ֆինանսական եւ տեխնիկական վիճակի, թրաֆիկի հոսքերի եւ այլնի մասին: Շուկայի ճիշտ գնահատումը չի նշանակում գերակա դիրք ունեցոց ընկերության բացահայտում, այլ նախատեսում է կապի որակի վերահսկողություն, ընդհանուր միտումների որոշակի ուսումնասիրություն եւ արտառոց իրավիճակներին ժամանակին արձագանքում:
Նշեմ, որ ընկերությունները նախկինում եւս հաշվետվություններ էին ներկայացնում, սակայն ՀԾԿՀ որոշումը թույլ տվեց կատարելագործել այդ ընթացակարգը: Բացի դրանից, ՀԾԿՀ-ն կարգավորում է ֆիքսված կապի սակագները, եւ մեզ համար շատ կարեւոր է իմանալ թրաֆիկի հոսքերի իրական պատկերը, որպեսզի հետագայում կանխարգելենք անցանկալի իրավիճակների առաջացումը:
Իհարկե, ՀԾԿՀ-ն կարող է նաեւ որոշել բջջային կապի ծառայությունների շուկայում գերիշխող ընկերությանը, սակայն դա մեր որոշման միակ հիմնական նպատակը չէր: Ի սկզբանե մենք մանրամասն եւ հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակ էինք դրել:
- Ո՞ր փուլում է գտնվում Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման (mobile number portability - MNP) ծառայության ներդրման հեռանկարների ուսումնասիրության գործընթացը:
- Հանձնաժողովը միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ է տանում, թեեւ եթե անկեղծ լինենք, մեր վերջին հարցազրույցից հետո մենք այդ ոլորտում այնքան էլ առաջ չենք գնացել: Հետազոտությունների արդյունքում մենք պարզել ենք, որ տարբեր երկրները տարբեր կերպ են ներդրել MNP, ինչն անցումային փուլում դարձել է որոշակի ներդրումային եւ կազմակերպչական խնդիրների պատճառ:
Իմ կարծիքով, դեռ վաղ է խոսել Հայաստանում MNP ներդրման մասին: Մեր շուկան դեռեւս գտնվում է զարգացման փուլում, եւ մենք պետք է հասկանանք, թե հնարավոր սխեմաներից որը կարող ենք ներդնել Հայաստանում, քանի որ արմատական փոփոխություններից հետո շատ դժվար կլինի փոխել իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է տնտեսական հստակ հիմնավորում ունեցող կշռադատված որոշում: Կարծում եմ` անհրաժեշտ կլինի առնվազն 1-2 տարի շուկայի իրավիճակի գնահատման համար:
- Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում այսօր ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում:
- Մենք շուկայում նկատում ենք բուռն զարգացումներ: Լայնաշերտ ինտերնետի սպառողների քանակը հասել է շուրջ 100 հազարի` նախկին 75 հազարի փոխարեն: Կան դրական երեւույթներ նաեւ սակագների իջեցման առումով:
Պրովայդերները սկսել են տրամադրել բարձր արագություններ ավելի քիչ գումարի դիմաց: Եթե տարվա սկզբին երկրում միջազգային թրաֆիկի սպառման ընդհանուր ծավալը հասնում էր վայրկյանում 3,7 Գիգաբիտի, ապա այսօր մենք արձանագրում ենք վայրկյանում 5,5-6 Գիգաբիտ: Դա նշանակում է, որ Հայաստանում միջազգային թրաֆիկի սպառումը աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
Միաժամանակ, կան հարցեր, որոնք մենք առաջիկայում կուսումնասիրենք եւ կներկայացնենք հանրությանը: Մասնավորապես, խոսքը տեղական դատա-կենտրոնների ստեղծման մասին է` միջազգային կապուղիների վարձակալության դիմաց արտաքին օպերատորներին վճարվող թրաֆիկի եւ միջոցների տնտեսման նպատակով:
Մենք կարող ենք ապահովել լավագույն որակ եւ ցածր սակագներ, ինչպես նաեւ Հայաստանում զարգացնել բիզնեսի նոր տեսակ` դատա-կենտրոնների ստեղծում: Տեղեկատվության արտաքին աղբյուրների, ինչպես նաեւ ռուսալեզու կայքերի գերակայության (թրաֆիկի ավելի քան 70%-ը) հետ կապված ներկայիս իրավիճակը պետք է դառնա լուրջ ուսումնասիրության եւ շահագրգիռ կառույցների հետագա գործողությունների առարկա: