13:58 | 21.04.10 | Նորություններ | 2827

«ԱրմենՏել»-ն առաջարկում է աջակցել անվճար ուսուցմանը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը հայտարարել է, որ Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու շարժական կապի օպերատորների պատմության մեջ խոշորագույն «1 Goal: Կրթություն բոլորի համար» համատեղ ակցիային:

Ակցիայի շրջանակում 2010թ. ապրիլի 21-ից հուլիսի 11-ը Beeline շարժական կապի բաժանորդները կարող են ուղարկել «Yes» տեքստով անվճար հաղորդագրություն 6462 կարճ համարին եւ աջակցել աշխարհի բոլոր դպրոցներում անվճար տարրական ուսուցման արշավին:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, արշավի ընթացքում ստացված ձայները կփոխանցվեն «Հանուն կրթության» համաշխարհային արշավի (GCE, Global Campaign for Education) օգտին` տարբեր երկրների ղեկավարների եւ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով:

«Համոզված եմ, որ մեր բաժանորդներն ակտիվորեն կմասնակցեն այս ակցիային` իրենց լուման ներդնելով աշխարհի բոլոր մանուկների համար կրթությունն առավել հասանելի դարձնելու գործում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Արշավին միացել են GSM Միջազգային ընկերակցության անդամ 20 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ բաժանորդ: «ՎիմպելԿոմ»-ը աջակցում է ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:

«1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնության կայքն է` www.join1goal.org: