12:58 | 20.04.10 | Նորություններ | 3907
Երեւան/Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այսօր քաղաքացիներին կոչ են արել ապրիլի 22-ին մասնակցել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում կայանալիք ծառատունկին` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այս միջոցառումը կենտրոնականը կլինի «Կանաչ սերունդ» արշավի շրջանակներում:
Ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում կտնկվեն Արեւմտյան Հայաստանից բերված 95 տնկիներ:
Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ FPWC-ն եւ VivaCell-MTS-ը ԱՄՆ-ում ձեռք են բերել 20 անուն արժեքավոր գրքեր մասնավոր հավաքածուներից, որոնք կնվիրեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին:
«Այդ գրքերում հավաքված են Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, սկզբնաղբյուրների տեղեկություններ, որոնք կհամալրեն Թանգարան-ինստիտուտի գրադարանը»,- նշել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրենը: