«Սինոփսիս-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը
16:46 | 13.04.10 | Նորություններ | 5449
Երեւան/Մեդիամաքս/. «Սինոփսիս-Արմենիա»-ն եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը /ՀՊՃՀ/ հայտարարել են «Սինոփոիս-Արմենիա»-ի բազայի հիման վրա գործող` ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բակալավրական ուսուցման 2010-2011 ուսումնական տարվա հերթական ընդունելության մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում ՀՊՃՀ ուսանողների առջեւ հանդես գալով` «Սինոփսիս-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանն ասել է, որ ծրագրի նպատակը որակյալ մասնագետներ պատրաստելն է գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման եւ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտներում:
Ռիչ Գոլդմանը նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ի համագործակցությունը ՀՊՃՀ-ի հետ ամենասերտն է բոլոր համատեղ ծրագրերից, որոնք ընկերության կողմից իրականացվում են աշխարհի ավելի քան 1000 համալսարանների հետ: ««Սինոփսիս-Արմենիա»-ի եւ ՀՊՃՀ-ի hամատեղ ուսումնական ծրագրի շրջանավարտները դառնում են համաշխարհային մակարդակի մասնագետներ»,- ասել է Ռիչ Գոլդմանը` նշելով, որ Հայաստանում մշակված ուսումնական ծրագիրը կրկնօրինակել են, մասնավորապես, որոշ ռուսական, չինական եւ արեւմտաեվրոպական բուհեր:
«Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը հայտնել է, որ ուսումնական ծրագրին կարող են մասնակցել ՀՊՃՀ հաշվողական տեխնիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսն ավարտած ուսանողները, առաջին եւ երկրորդ կուրսերում ուսումնառության արդյունքներով 4-ից ոչ ցածր (5-բալանոց համակարգով) միջին բալ ունեցող ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ քոլեջի շրջանավարտները:
Ուսուցումն ընթանալու է մասնագիտացման երկու ուղղությամբ` «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» եւ «Ինտեգրալ սխեմաների եւ համակարգերի մշակման ծրագրային միջոցներ»: Ընդունելության թեստերը կկազմվեն եւ փաստաթղթերի ընդունումը կկայանա ամառային քննաշրջանի ավարտից հետո: