10:48 | 02.04.10 | Նորություններ | 3694

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «Ինտերնետ օգնական» պորտալը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը:

«Ինտերնետ օգնական»-ը գտնվում է ընկերության կայքի «Առցանց ծառայություններ» բաժնում եւ բաժանորդներին առաջարկում է հարմարավետ ինտերֆեյսի միջոցով օգտվել բազմաթիվ ծառայություններից:

Ներկայումս «Ինտերնետ օգնական» պորտալը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետվճարային եւ կանխավճարային բաժանորդներին թույլ է տալիս օնլայն ռեժիմում տեղեկություններ ստանալ իրենց հաշվեկշռի եւ վճարումների վերաբերյալ, վերալիցքավորել քարտը եւ կատարել վճարումներ, կառավարել ծառայությունները, ակտիվացնել եւ ապաակտիվացնել դրանք, մեկ սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, ձեռք բերել ինտերնետ փաթեթներ, ինչպես նաեւ «Օնլայն SMS» ծառայության միջոցով ուղարկել հաղորդագրություններ: Այս պորտալում առաջարկվող ծառայությունների ցանկը շարունակաբար կընդլայնվի:

Պորտալի առավելություններից մեկն էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների կառավարման հնարավորությունն է` առանց դրանց կոդը հիշելու անհրաժեշտության:

Պորտալն ընձեռում է մշտական մուտքի հնարավորություն: Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին: 111 համարին ուղարկած 1 SMS հաղորդագրության արժեքը 20 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

««Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի մշակման մեր նպատակը բաժանորդների սպասարկման օնլայն կենտրոնի ստեղծումն է, որը կգործի շուրջօրյա եւ ձայնային ու տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող մեր բաժանորդներին թույլ կտա հեշտությամբ կառավարել դրանք: Ինքնասպասարկման պորտալը մեր բաժանորդներին թույլ է տալիս խնայել իրենց ժամանակը եւ վերահսկել ծառայությունների օգտագործումը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: