ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյան
12:51 | 10.02.10 | Նորություններ | 3933
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ բավարարել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) հայտը ֆիքսված կապի այլընտրանքային օպերատորների հետ փոխկապակցման տիպային պայմանագրի հաստատման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը նիստում տեղեկացրել է, որ, հաշվի առնելով “ԱրմենՏել” գերիշխող դիրքը ֆիքսված կապի շուկայում, հանձնաժողովը ինքնուրույն է սահմանել փոխկապակցման սակագները:
Նրա խոսքերով, Երեւանում փոխկապակցման սակագինը կկազմի 2.5 դրամ, իսկ ՀՀ մարզերում` 10 դրամ` “ԱրմենՏել” ընկերության կողմից առաջարկվող 5.2 դրամի /Երեւանում/ եւ 12 դրամի /մարզերում/ փոխարեն:
Գեւորգ Գեւորգյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է առանձին որոշում կայացնել բջջային կապի ցանցերում տիպային պայմանագրի վերաբերյալ, քանի որ “այդ շուկայում գործում են եւս երկու օպերատորներ, եւ առանց փոխադարձ համաձայնության որոշումներ կայացնելը ճիշտ չի լինի”:
“ԱրմենՏել” ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նկատել է, որ որպես ազգային օպերատոր` ընկերությունն առաջինն է ստանձնել փոխկապակցման պայմանագրի կազմման եւ հաստատման նախաձեռնությունը եւ պատրաստ է համագործակցել բոլոր այլընտրանքային օպերատորների հետ:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահություն է հայտնել, որ մինչեւ 2010թ. ավարտը այլընտրանքային օպերատորները կհաղթահարեն տեխնիկական եւ տնտեսական խոչընդոտները, եւ ֆիքսված կապի շուկայում կծավալվի ուժեղ մրցակցություն: