10:56 | 10.02.10 | Նորություններ | 3293

Երեւանում ընթանում է IT-անվտանգության աուդիտի հարցերով սեմինարը ֆինանսական կազմակերպությունների համար

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների /IT/ անվտանգության աուդիտի հարցերով սեմինար բանկերի, վարկային ու ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համար:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է "Ապագա Թեքնոլոջիս" ընկերության մարքեթինգի եւ վաճառքի գծով մենեջեր, սեմինարի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը, սեմինարի արդիականությունը պայմանավորված է բանկային հատվածի զարգացմամբ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչը հանգեցնում է IT-անվտանգության ռիսկերի աճին:

Նրա խոսքերով, սեմինարն ուղղված է բանկային հատվածում IT-անվտանգության կատարելագործման հետագա քայլերի բացահայտմանը: 

Ինչպես նշել է Հայկ Ասրիյանցը, IT-անվտանգության աուդիտը թույլ կտա ունենալ իրավիճակի հստակ, համակողմանի եւ անկողմնակալ գնահատականը` ի տարբերություն ներքին աուդիտի: Նա նկատել է, որ IT-անվտանգության աուդիտը թույլ կտա նաեւ որոշել, թե որքանով են անհրաժեշտ ներկայիս լուծումները, ինչպես նաեւ զգալիորեն կրճատել ՏՀՏ ծախսերը, քանի որ առաջարկում է ավելի օպտիմալ եւ արդյունավետ լուծում, եւ հասկանալ` բանկային ներքին կանոնները համապատասխանում են արդյոք միջազգային չափանիշներին, տեղական օրենսդրությանը եւ Սարբեյնս-Օքսլիի (SOX) օրենքին: Նրա խոսքերով, Սարբեյնս-Օքսլիի օրենքին համապատասխանելը կարեւոր է հատկապես այն բանկերի համար, որոնք հետագայում մտադիր են դուրս գալ IPO, քանի որ այն աշխարհի ամենահամակարգված օրենսդրական ակտն է:

Հայկ Ասրիյանցն ընդգծել է նաեւ, որ “սեմինարի նպատակն է օգնել բանկերին մշակելու գործունեության արդյունավետ կարգեր, այլ ոչ թե բացահայտել դրանց սխալները”: “Աուդիտը թիմային աշխատանք է, եւ մենք մտադիր ենք բանկերի մասնագետների հետ համատեղ ջանքեր գործադրել արդյունքի հասնելու համար”,- ասել է Հայկ Ասրիյանցը: