17:34 | 27.01.10 | Նորություններ | 3215

“ԱրմենՏելը” բացահայտել է Hi-Line-ի հետ կապված չարաշահումները

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների որոշ բաժանորդների կապի անջատման եւ հետագա միացման պատճառների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

“Հունվարի 26-27 ընկած ժամանակահատվածում Hi-Line ծառայությունից օգտվող որոշ բաժանորդների անջատումը հարկադրված միջոց էր:

Hi-Line ծառայության հետ կապված առաջացած խնդիրների արդյունավետ լուծման նպատակով ընկերությունում ստեղծված աշխատանքային խումբը հայտնաբերել էր չարտոնված մատչում մեր հաճախորդների կողմից օգտագործվող սարքավորումներին: Ընկերության ղեկավարությունը որոշում ընդունեց չարաշահումները բացահայտելու եւ կանխելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել: Այս ամենն իրականացնելու համար խիստ կարեւորվում է անսպասելիության եւ գաղտնիության գործոնը: Այդ պատճառով որոշված գործողությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չտրամադրվեց ոչ միայն մեր բաժանորդներին, այլ նաեւ ընկերության բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ի սկզբանե ներառված չէին այս գործընթացում:

Անջատման իրական պատճառների մասին հնարավոր է խոսել միայն հիմա, երբ հայտնաբերված չարաշահումները կասեցված են, իսկ բարեխիղճ բաժանորդների մոտ կապն արդեն վերականգնված է:

“ԱրմենՏել” ընկերությունը պատճառած անհանգստության համար հայցում է իր բարեխիղճ բաժանորդների ներողամտությունը եւ հույս հայտնում, որ ըմբռնումով կմոտենան ընկերության կողմից իրականացրած միջոցառումներին, ինչպես նաեւ հայտնում իր երախտագիտությունը վերոհիշյալ հարցի քննարկման ընթացքում հնչած կառուցողական առաջարկությունների համար”: