10:19 | 22.01.10 | Նորություններ | 2875
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը հատկացրել է 8 մլն դրամ Լոռու մարզի Վահագնաձոր սահմանամերձ գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, շենքային վատ պայմանների եւ ջրի բացակայության պատճառով մի քանի տարվա անգործությունից հետո այժմ մանկապարտեզը կարող է ընդունել 30 երեխա:
“Ցանկացած երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ներկայիս ուշադրությունից: Երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը կարելի է համարել իրական երկարաժամկետ ներդրում”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ 2010 թվականին Orange-ը մտադիր է հայաստանյան մի շարք սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներ ապահովել կահույքով եւ անցկացնել ջեռուցում, ինչպես նաեւ աջակցել համայնքային կենտրոնների վերականգնմանը: Իր բարեգործական ծրագրերը Orange Armenia-ն իրականացնում է “Շեն” կազմակերպության հետ համագործակցությամբ: