12:12 | 28.12.09 | Նորություններ | 3157

ADC-ն ԱրմենՏելին հրավիրում է քննարկման

Itel.am-ը ներկայացնում է ADC ընկերության հայտարարությանը:

“ԱրմենՏելի Գլխավոր տնօրեն Պ-ն Կլիմկոյի վերջին զգացմունքային հայտարարությունը, որն ուրբաթ (25.12.2009թ) հրապարակվել է լրատվական գործակալություններից մեկի ինտերնետային կայքում, հաստատում է, որ Պ-ն Կլիմկոն այդպես էլ չհասկացավ ամենակարևորը՝ ADC ընկերությունը պայմանագրային ոչ մի պարտավորվածություն չունի ԱրմենՏելի հանդեպ՝ միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման հարցում։

Այնուամենայնիվ, ենթադրելով, որ Պ. Կլիմկոն գտնվում է ոչ կանխամտածված շփոթության մեջ, և հետաքրքրված լինելով, որպեսզի շուկայի սուբյեկտները և հանրությանը լինեն ճիշտ տեղեկացված, ADC ընկերությունն իր պարտքն է համարում բոլոր հետաքրքրված կողմերին տրամադրել նկարներով մանրակրկիտ տեխնիկական բացատրություն ։

ADC ընկերությունը ոչ մի դեպքում չի սահմանափակել ելքի թողունակությունը մեր ընկերությունների ցանցերի միջև: Միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը անջատվել է՝ ADC ցանցի վերազննման աշխատանքների կատարման ընթացքում: Հայելային ռեսուրսների անջատումը կատարվել է մնացած կապի օպերատորների շահերից ելնելով, հակառակ դեպքում նրանց բաժանորդները, վերազինման աշխատանքների ընթացքում, հայելային ռեսուրսների հետ աշխատելիս կունենային կապի պարբերական ընդհատումներ:

Հայելային ռեսուրսի անջատումները ոչ մի կերպ չեն սահմանափակում մուտքը դեպի հենց այդ ռեսուրս՝ բաժանորդների համար, քանի որ հայելու բացակայության ժամանակ այդ ռեսուրսների օրիգինալ տարբերակները հասանելի են տվյալ կապի օպերատորի միջազգային կապուղիների միջոցով:

Առաջին նկարում ցուցադրված է իրադրությունը դեկտեմբերի 16-ի դրությամբ

Ինչպես հստակ երևում է առաջին նկարում, ԱրմենՏելի բաժանորդները ունեցել են մուտք դեպի հայելային ռեսուրս, ADC և ԱրմենՏել ընկերությունների ցանցերի փոխմիացման կապուղու միջոցով: Փոխկապակցման կապուղու թողունակությունը կազմում է 100Մբիտ/վրկ., նույն կապուղու օգտագործումն այդ պահին կազմում էր 97 Մբիտ/վրկ.: Նկարից երևում է, որ ԱրմենՏելի բաժանորդներն այդ պահին օգտվել են հայելային ռեսուրսից:

Հաջորդ նկարն արտացոլում է իրադրությունը՝ հայելային ռեսուրսի անջատումից հետո

Երկրորդ նկարից ևս պարզ երևում է, որ հայելային ռեսուրսի անջատումից հետո նույն բաժանորդները ավտոմատ կերպով վերուղղվել են դեպի ինտերնետում առկա հիմնական ռեսուրսներ։ Մուքտի հնարավորություն դեպի այդ ռեսուրսներ արդեն ապահովվում է ԱրմենՏելի միջազգային կապուղիների միջոցով, որոնց հետ մեր ընկերությւոնը ոչ մի կապ չունի։ Ինչպես հստակ երևում է նույն նկարում, մեր ընկերությունների միջև ինտերկոնեկտ կապուղու թողունակությունը 100Մբիտ/վրկ. է, իսկ օգտագործումն արդեն 4 Մբիտ/վրկ., որը միանգամայն բնական է, քանի որ ԱրմենՏելի բաժանորդներն այլևս չեն օգտվում հայելային ռեսուրսներից և չեն ծանրաբեռնում փոխկապակցման կապուղին։

Ի պատասխան պ. Կլիմկոյի հայտարարությանը, որում նա նշում է. «ADC-ն փաստորեն ընդունեց, որ մեր կազմակերպությունների միջև փոխանակման կապուղու թողունակությունը սահմանափակված էր, ինչպես որ ես նշել էի մամլո ասուլիսի ժամանակ». Ավելին, մենք գծապատկերով ցույց էինք տվել, թե դա ինչպես է պատահել և այդ փաստը հնարավոր չէր ժխտել»,­ ADC անհրաժեշտ է համարում նորից կրկնել, որ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի և կարող է լավագույն դեպքում արդարացվել միայն այն հանգամանքով, որ ԱրմենՏելի գլխավոր տնօրենն ապատեղեկացված է իր իսկ աշխատակիցների կողմից։

Սկզբունքային տարբերություն կա «փոխկապակցման կապուղու թողունակության սահմանափակման» և «փոխկապակցման կապուղու բեռնվածության օրինաչափ նվազեցման» միջև։ Եթե մամլո ասուլիսի ժամանակ ԱրմենՏելի գլխավոր տնօրենը լրագրողներին ցուցադրում է փոխկապակցման կապուղու բեռնվածության անկում, ապա դա չի նշանակում, որ փոխկապակցման կապուղու թողունակությունը սահմանափակված է։ Նա կամ ապատեղեկացված է, կամ փորձում է ապատեղեկացնել հասարակությանը։

Բաց է մնում հետևյալ հարցը՝ ինչու՞ են ԱրմենՏելի բաժանորդները խնդիրներ ունենում հիմնական ռեսուրներ մուտք գործելու ժամանակ՝ օգտվելով հենց ԱրմենՏելի միջազգային կապուղիներից։

Կրկին ելնելով հասարակության հետաքրքրությունից, շտապենք տեղեկացնել, որ ցանցի վերազինման աշխատանքներն ավարտված են և միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը նախորդ օրվա դրությամբ ակտիվացված է։ Այնպես որ, եթե ԱրմենՏելն ինքը չի սահմանափակել փոխկապակցման կապուղու թողունակությունը, ապա փոխկապակցման կապուղու բեռնվածությունն օրինաչափորեն կավելանա ու կհասնի առավելագույնին՝ արդեն օրվա երկրորդ կեսին։

Հետգրություն. Անկախ այն բանից, որ վերոհիշյալ նյութը հաջողությամբ փորձարկվել է մի շարք թիրախային խմբերի, այդ թվում նաև տնային տնտեսուհիների շրջանում, ADC-ն, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն և կարևորելով իր գործնական հեղինակությունը, իր պատրաստակամությունն է հայտնում և հրավիրում է ԱրմենՏելի գլխավոր տնօրենին ցանկացած հարմար ժամանակ անցկացնել հեռուստատեսային քննարկում՝ տվյալ հարցում ճշմարտությունը գտնելու նպատակով”։