11:46 | 09.12.09 | Նորություններ | 2942
Երեւան /Մեդիամաքս/. Արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայման է հարգանքի ու պատասխանատվության վրա հիմնված արժեքային համակարգով առաջնորդվելը, հասարակության բոլոր շերտերի նկատմամբ հոգածության դրսեւորումն ու զարգացման տեմպերին համընթաց գիտելիքների զինանոցի կատարելագործումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին երեքշաբթի Արմավիր համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նման մոտեցում որդեգրած կազմակերպությունը կարող է վստահ լինել, որ դրական ազդեցությունն իրենց վրա պարտադիր զգալու են նաեւ բաժանորդները»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
«Երբ որեւէ ընկերություն բավարարվում է բիզնեսում բացառապես եկամուտ հետապնդելով, կարող է ակնկալել ընդամենը կարճաժամկետ հաջողություն: Առավել կարեւոր է, սակայն, երկարաժամկետ զարգացումը, որի ապահովման հարցում մեծ տեղ է զբաղեցնում, օրինակ, հաճախորդամետությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար առաջնահերթություն է սպասարկման կենտրոնից գոհ հեռացող բաժանորդը` անկախ նրանից, թե նա սպասարկման կենտրոն է այցելել շնորհակալություն հայտնելու, բողոքելու, թե առաջարկության նպատակով»,- վստահեցրել է Ռալֆ Յիրիկյանը:
Ուսանողները պատկերացում կազմեցին արդյունավետ սպասարկման հիմնական նրբությունների եւ կորպորատիվ պատասխանատվության ընձեռած առավելությունների մասին եւ ստացան թեմային առնչվող շատ հարցերի պատասխաններ: