15:46 | 08.12.09 | Նորություններ | 3027

Ամանորյա ակցիայի շրջանակներում «ԱրմենՏել»-ն իջեցնում է ADSL-ինտերնետի գները

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունն (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է «Ինտերնետ յուրաքանչյուր տանը» ամանորյա ակցիայի մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր ներկայացնելով ակցիայի մանրամասները, «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը կնքելով Hi-Line ծառայության մատուցման պայմանագիր, հաճախորդները կստանան անվճար ADSL-մոդեմ, անվճար միացում ցանցին, ինչպես նաեւ ամսեկան զեղչեր` անսահմանափակ ինտերնետից օգտվելու համար:

Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ նոր գները նախատեսված են բոլոր սակագնային փաթեթների համար, հայտնելով, որ տարեկան պայմանագիր կնքելու դեպքում 128/32 Կբիտ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամսեկան սակագինը 8000 դրամի փոխարեն կկազմի 6000 դրամ, 254/64 Կբիտ/վ արագությամբ ինտերնետի սակագինը` 12000 դրամի փոխարեն 7800 դրամ, 512/128 Կբիտ/վ` 20000-ի փոխարեն 12000 դրամ, իսկ 1024/128 Կբիտ/վ արագությամբ Hi-Line Unlimited սակգանային պլանի գինը` 30000 դրամի փոխարեն 15000 դրամ:

«Ինտերնետ յուրաքանչյուր տանը» ակցիան առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր հաճախորդին կայուն, որակյալ եւ մատչելի ինտերնետից օգտվելու հնարավորություն ընձեռելուն», - ասել է Իգոր Կլիմկոն, նշելով, որ ընկերությունը լրջորեն պատրաստվել է այս ակցիայի իրագործմանը եւ ապահովել է բավարար հնարավորություններ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ցանցերում:

Իգոր Կլիմկոն նաեւ հայտնել է, որ ակցիայի առավելություններից կարող են օգտվել նաեւ Hi Line-ի գործող հաճախորդները, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է վերակնքել պայամանագիրը նոր պայմաններով:

«Ակցիայի շրջանակներում նաեւ ֆիքսված հեռախոս տեղադրել ցանկացող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են տեղադրման վճարից` մինչեւ 2010 թվականի հունվարի 31-ը միացման հայտ ներկայացնելու դեպքում»,- ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը: