14:34 | 08.12.09 | Նորություններ | 3399

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներկայացրեց Office-Zone փաթեթը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունն այսօր ներկայացրել է E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա ստեղծված Office-Zone փաթեթը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, տվյալ ծառայությունը նախատեսված է փոքր ձեռնարկությունների եւ գրասենյակների համար: Փաթեթը տրամադրում է անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ, ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն, մատչելի հեռախոսակապ:

Տվյալ ծառայության ամսեկան վճարը ինտերնետի առավելագույն 1 Մբիթ/վրկ արագության դեպքում կկազմի 29900 դրամ:

Հեռախոսազրույցի 1 րոպեն Office-Zone եւ Home-Zone պլանների համարներին կկազմի 5 դրամ, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ցանցին` 10 դրամ, Հայաստանի այլ բջջային եւ ֆիքսված ցանցերին` 35 դրամ, 40 դրամ` +374 97 բջջային ցանցին, 45 դրամ` +374 47 ֆիքսված ցանցին:

Ինչպես նշել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արագագործ ինտերնետի անլար մուտքի ապահովման եւ ներքին ցանց ստեղծելու պահանջարկն առաջ է բերել փոքր ձեռնարկությունների եւ գրասենյակների համար նախատեսված սարքերի անհրաժեշտություն: Նա նշել է, որ Office-Zone փաթեթը հանդիսանում է արագ և ծախսարդյունավետ անլար լուծում, որը թույլ է տալիս մեկ սարքի միջոցով կապ ապահովել մի քանի օգտագործողների համար, ինչպես նաեւ ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների համար մատչելի սակագներ է առաջարկում: