12:14 | 02.12.09 | Նորություններ | 3505

Մասնավոր եւ գիտական հատվածների 5 նախագծեր STEP վենչուրային կոնֆերանսի շրջանակներում կստանան $15 000 դրամաշնորհ

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի /STEP/ վենչուրային կոնֆերանսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կոնֆերանսի բացմանը ասել է, որ գիտական եւ մասնավոր հատվածները երրորդ անգամ կներկայացնեն 14 համատեղ նախագծեր, որոնցից 5-ը կստանան $15 հազարական դրամաշնորհ: 

CRDF ծրագրերի համակարգման գլխավոր մենեջեր Նատալյա Պիպիայի խոսքերով, այժմ նորարարություններին մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ դրանք անմիջական կապ ունեն տնտեսական զարգացման հետ: “Հայաստանում նորարարական ծրագրերի ոլորտում մեծ ներուժ կա, սակայն ձեռնարկատիրության մշակույթ դեռեւս ձեւավորված չէ”,- նշել է նա:

Կոնֆերանսում ներկայացվելու են բիոտեխնոլոգիաների, ինժեներային լուծումների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ նախագծեր: Կոնֆերանսի արդյունքներն ամփոփվելու են այսօր երեկոյան: