09:41 | 25.11.09 | Նորություններ | 2806
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) գործառնական հասույթը 2009թ. երրորդ եռամսյակում կազմել է 19 մլրդ 167 մլն դրամ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Վիմպելկոմ» ԲԲԸ ֆինանսական եւ գործառնական ցուցանիշները, հաշվետու ժամանակահատվածում «ԱրմենՏելի» գործառնական հասույթը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 7.8%-ով: Միաժամանակ, այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության հասույթն ավելացել է 5%-ով:
Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. երրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 36%-ով` կազմելով 502 հազ.: Միաժամանակ, այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ օպերատորի բաժանորդային բազան ավելացել է 3.3%-ով:
Հայաստանում Beeline-ի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը երրորդ եռամսյակում կազմել է 18.1 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12.7 հազարով: Միաժամանակ, այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ օպերատորի լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվը կրճատվել է 1.1 հազարով:
Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) երրորդ եռամսյակում կազմել է 5 117.2 դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.8%-ով: Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ARPU ցուցանիշն աճել է 1.6%-ով:
MOU-ի (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի օգտագործած րոպեների քանակը) ցուցանիշը երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 92.3%-ով` կազմելով 269 րոպե: