15:48 | 24.11.09 | Նորություններ | 3595

Հայաստանը ԱՊՀ երկրների IT կենտրոնն է, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը

Երեւան /Մեդիամաքս/. Տեղեկատվական տեխնոլոգիաներն արդարացնում են իրենց առաքելությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, այսօր Երեւանում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ներսես Երիցյանն այդ մասին ասել է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակությանը նվիրված երրորդ ամենամյա համաժողովի ընթացքում:

Նրա խոսքերով, ամեն տարի IT շուկայում մրցակցությունն ավելանում է, եւ այսօր արդեն դժվար է պատկերացնել որեւէ կենսունակ բնագավառ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Ներսես Երիցյանը նշել է, որ այսօր մենք կարող ենք հայտարարել, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը հանդիսանում է IT կենտրոն` մշտապես ավելացնելով իր մասնաբաժինը ՀՆԱ ծավալում:

Համաժողովի ընթացքում “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է հաշվետվություն IT ոլորտի մասին 2008թ. արդյունքներով: Նա տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ IT ոլորտում գործել է 176 ընկերություն, որից 56-ը` արտասահմանյան: Մասնավորապես, ԱՄՆ/Կանադայի բաժնեմասը IT ընկերություններում կազմել է 64%, Ռուսաստանինը` 18%, Եվրոպայինը` 16%: 

Նրա խոսքերով, Հայաստանում ծրագրավորմամբ եւ աութսորսինգով զբաղվում է IT ընկերությունների 23%-ը, վեբ-դիզայնով եւ զարգացմամբ` 13%-ը, իսկ մնացած ընկերությունների գործունեությունն ուղղված է սպասարկմանն ու խորհրդատվություններին:

Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ Հայաստանում IT ընկերությունների տարեկան շրջանառությունը 2008 թվականին կազմել է $110 մլն: Տեղական ընկերությունների արտադրության ծավալը կազմել է $50 մլն, իսկ արտահանման ծավալը` $70 մլն: Հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ ծավալում IT մասնաբաժինը կազմել է 1,2%, մինչդեռ Հնդկաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.4%, իսկ Գերմանիայում` 1.3%: