11:08 | 24.11.09 | Նորություններ | 3616

Orange-ը աջակցեց «Հեռախոսամարաթոն 2009»-ին Ֆրանսիայում

Երեւան /Մեդիամաքս/. Orange-ը հանդիսացավ Ֆրանսիայի Համահայկական Հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռախոսամարաթոն 2009»-ի գործընկերը:

Ավանդաբար հեռախոսամարաթոնը Ֆրանսիայում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախաշեմին: Այս տարի նոյեմբերի 19-ից 22-ն անցկացված հեռախոսամարաթոնը նվիրատվություններ հավաքագեց ՀՀ Տավուշի մարզում գյուղմթերքների արտադրության բարելավման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանին խմելու ջրով ապահովելու նպատակով:

Այս տարվա հեռախոսամարաթոնի 12.370 մասնակիցնեչ նվիրաբերեցին 1.182.988 եվրո: «Հեռախոսամարաթոն 2009»-ին մասնակցեցին Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի, Թուլուզի բնակիչները, ինչպես նաեւ Գերմանիայում եւ Շվեյցարիայում բնակվող հայեր:

Նվիրատվություննների հավաքագրման նպատակով Orange-ը հատկացրել էր հատուկ հեռախոսահամար` 0 810 10 14 14, իսկ մինչ մարաթոնի մեկնարկը Orange-ի տեխնիկական աջակցության շնորհիվ 50 000 բաժանորդներին ուղարկվեց հատուկ հաղորդագրություն` «Հեռախոսամարաթոն 2009»-ի հովանավոր հայազգի երգչուհի Հելեն Սեգարայի անունից:

Մեկնաբանելով Orange-ի աջակցությունը «Հեռախոսամարաթոն 2009»-ին, Orange Armenia-ի Խորհրդի անդամ Ժան-Ժակ Դամլամյանը մասնավորապես ասաց.

«Այս տարվա հանգանակության արդյունքն առավել քան գոհացնող է: Չափազանց ուրախ եմ այս հաջողության համար եւ շնորհակալ եմ France Telecom Orange-ին, որը տրամադրեց ոչ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքը, այլեւ նորարար տեխնոլոգիաներ` մասնավորապես հաղորդագրություններ Հելեն Սեգարայի անունից: Հավելեմ նաեւ, որ Ֆրանս Տելեկոմի ներկայությունը Հայաստանում Orange Armenia-ի միջոցով քաջ հայտնի է  Ֆրանսիայի հայկական համայնքի շրջանում եւ այդ փաստը նպաստեց դրամահավաքի հաջող իրականացմանը»: