13:28 | 05.11.09 | Նորություններ | 2948

Orange Armenia-ն ներկայացրել է “Ինտերնետ հիմա”-ն

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն Հայաստանում ինտերնետային ծառայություններ է մատուցում “Ինտերնետ հիմա” USB-մոդեմների, ինչպես նաեւ տանը եւ գրասենյակում օգտագործելու համար նախատեսված Flybox սարքավորումների միջոցով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Orange Armenia-ի մարկեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ այն սպառողները, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն “Ինտերնետ հիմա” ծառայությանը, կարող են USB-մոդեմ ձեռք բերել 1 դրամ խորհրդանշական գնով:

“Ինտերնետ հիմա” (մինչեւ 7.2 Մբ/վրկ) ծառայությունն ունի երեք սակագնային պլան.

- ամսական գինը 9 հազար դրամ` 3Գբ թրաֆիք,
- ամսական գինը 11 հազար դրամ` 6Գբ թրաֆիք,
- ամսական գինը 20 հազար դրամ` 15Գբ թրաֆիք:

Եթե բաժանորդը սպառել է թրաֆիքի իր ամսական ծավալը, նա կարող է շարունակել օգտվել 128 կբ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետից, կամ վճարել 6 հազար դրամ եւ ստանալ թրաֆիքի լրացուցիչ ծավալ` իր սակագնային պլանին համապատասխան:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ ընկերությունն արտաքին ինտերնետ է գնելու սեփական օպտիկաթելային մալուխով, որը դուրս է գալիս դեպի Իրան: Դյութուայի խոսքերով, Orange Armenia-ն այդ մալուխը ձեռք է բերել GNC Alfa ընկերությունից: