17:36 | 30.10.09 | Նորություններ | 3486
Երեւան /Մեդիամաքս/. ArmTech 2009 կոնգրեսին կմասնակցեն այնպիսի տրանսազգային IT կորպորացիաների նախագահներ ու փոխնախագահներ, այդ թվում Intel, Cisco եւ Synopsys ընկերություններից:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա խոսքերով, կազմակերպելով կոնգրեսը` ՀՀ կառավարությունը մտադիր է միավորել ջանքերը հայկական սփյուռքի հետ` համաշխարհային IT հսկաների ներդրումները Հայաստան ներգրավելու նպատակով:
Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ կոնգրեսի շրջանակներում, որը անցնելու է նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Սիլիկոնային հովտի մայրաքաղաքը համարվող Սան-Խոսե քաղաքում, Հայաստանի պատվիրակությունն այցելելու է Ստենֆորդի համալսարանի լաբորատորիա` ծանոթանալու Սիլիկոնային հովտի կայացման գործում լաբորատորիայի ունեցած ավանդին:
“Դա մեզ համար հատկապես կարեւոր է, քանի որ մենք մտադիր ենք ստեղծել հայկական “սիլիկոնային հովիտը” ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաների հիման վրա”,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Նա տեղեկացրել է, որ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունենալու հանդիպում Սիլիկոնային հովտի վենչուրային կապիտալիստների հետ` Հայաստան վենչուրային կապիտալ ներգրավելու նպատակով: Հայաստանի պատվիրակությունն այցելելու է նաեւ ՏՏ ձեռնարկությունների տեղական ինկուբատոր, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրելու Microsoft-ի հետ Հայաստանում կորպորացիայի նորարարական կենտրոնի հիմնադրման վերաբերյալ:
Ներսես Երիցյանը նշել է, որ կոնգրեսի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: