10:09 | 28.08.09 | Նորություններ | 3069

“ԱրմենՏելը” մեծածախ ինտերնետի գները նվազեցնում է աճող պահանջարկի արդյունքում

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” մեծածախ ինտերնետի գները կնվազեցնի 7-ից 25 տոկոսով, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Իգոր Կլիմկոն ասել է, որ ինչքան շատ մեծածախ ինտերնետ է օգտագործում պրովայդերը, այնքան մեծ զեղչ է նրան տրամադրվում:

“Զեղչերը սկսվում են 7%-ից եւ հասնում 25%-ի: Այսպիսով, զեղչի միջին չափը կկազմի 15-17%”, - ասել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ “ԱրմենՏելը” դիմել է մեծածախ ինտերնետի գների նվազեցմանը աճող պահանջարկի արդյունքում: 

“Ինտերնետի պահանջարկն այնքան մեծ է, որ մենք չենք հասցնում մեր բաժանորդներին ապահովել ADSL պորտերի բավարար թվով”, - խոստովանել է Իգոր Կլիմկոն` ասելով, որ առաջիկայում “ԱրմենՏելը” կստանա բավարար թվով ADSL մոդեմներ եւ պորտեր եւ անհապաղ կսկսի բավարարել Hi-Line ծառայության համար ներկայացված հայտերը:

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ մեծածախ ինտերնետի գների նվազեցումը կհանգեցնի վերջնական սպառողի համար գների իջեցմանը:

Իգոր Կլիմկոն արձանագրել է նաեւ մեծ պահանջարկ 3G մոդեմների նկատմամբ: “Արագ տեմպով աճում է նաեւ շարժական ինտերնետի սպառումը, որը վերջին 2-3 շաբաթվա ընթացքում աճել է 20-25 անգամ”, - ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը: