14:59 | 19.08.09 | Նորություններ | 4091

Հաստատվել է “ԱրմենՏելի”, VivaCell-MTS-ի եւ Orange Armenia-ի ցանցերի միջեւ փոխկապակցման վճարների նոր ժամանակացույցը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է “ԱրմենՏել”, Vivacell-MTS եւ Orange Armenia օպերատորների ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների վճարների նոր ժամանակացույցը, որն ուժի մեջ կմտնի 2010թ. հունվարի 1-ից:

Ինչպես այսօր հայտնել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, օգոստոսի 7-ին օպերատորների եւ ՀԾԿՀ-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման քառակողմ հուշագիր փոխկապակցման վճարների վերաբերյալ:

Մինչեւ 2011թ. հունվարի 1-ը օպերատորները պարտավորվում են կիսամյակային կտրվածքով կիրառել 10-ից 60% համամասնորեն նվազող փոխկապակցման վճարներ` հիմնված իրատեսական կանխատեսումների վրա, ինչպես նաեւ 2011թ. հուլիսի 1-ից միջցանցային թրաֆիքի դիմաց ներդնել 11.4 դրամ միասնական սակագինը: 

ՀԾԿՀ-ի ներկայացուցիչն ասել է, որ նույն ժամանակահատվածում նախատեսվում է բջջայինից ֆիքսված ցանց  զանգերի վերջնավորման սակագինը 9.72-ից նվազեցնել մինչեւ 9 դրամ: 

Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ ՀԾԿՀ-ն պատրաստ է առանձին որոշում կայացնել միջազգային զանգերի վերջնավորման սակագնի վերաբերյալ, քանի որ ներկայումս առկա են վիճահարույց հարցեր, որոնք վերաբերում են բացառապես երկու գործող օպերատորներին: Նրա խոսքերով, 2011թ. հուլիսի 1-ից միջազգային զանգերի վերջնավորման սակագինը կկազմի ԱՄՆ 12 ցենտ: 

Բոլոր երեք ընկերությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հանձնաժողովի որոշման կապակցությամբ:

VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը մշտապես գործել է ՀԾԿՀ-ի որոշումների շրջանակներում եւ շարունակելու է վարել նույն քաղաքականությունը:

“ԱրմենՏել” ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն կարծիք է հայտնել, որ ՀԾԿՀ-ն արհեստավարժություն է ցուցաբերել` ընդունելով “ամենաողջամիտ որոշումը”: Նրա խոսքերով, կարգավորողը հավասարակշռված դիրք է զբաղեցրել եւ հաշվի է առել բոլոր օպերատորների շահերը: “ԱրմենՏելի” ղեկավարն ասել է, որ նոր սակագներն աստիճանաբար կհանգեցնեն զանգի արժեքի իջեցմանը սպառողների համար:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ այսօրվա որոշումը հայաստանյան շուկան մոտեցնում է եվրոպականին: Նա նշել է նաեւ, որ ընկերությանը գոհացնում են սահմանված սակագները: