17:21 | 14.08.09 | Նորություններ | 2247

“ԱրմենՏելը” գործարկեց Beeline-Բունուս նախագիծը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” հայտարարել է Beeline-Բունուս նախագծի գործարկման մասին` նախատեսված շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Բունուսը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին անվճար րոպեների տեսքով, որոնք կարելի է օգտագործել ներցանցային զանգեր կատարելու համար այն օրացուցային ամսվա ընթացքում, որի սկզբին տրամադրվել է:

Կանխավճարային համակարգի բաժանորդներին տրամադրվող բոնուսի չափը կախված է քարտի ակտիվացման ժամկետից եւ նախորդող ամսվա ընթացքում բջջային կապի վրա ծախսած գումարից:

Հետվճարային համակարգի բաժանորդներին բոնուսային րոպեների տրամադրումը կախված է նախանցած ամսվա բջջային կապի հաշվի գումարից եւ քարտի ակտիվացման ժամկետից:

“Որքան շատ եւ որքան վաղուց է բաժանորդն օգտվում մեր բջջային կապի ծառայութուններից, այնքան ավելի շատ բոնուսային րոպեներ է նա ստանում: Օրինակ, եթե կանխավճարային համակարգի բաժանորդն արդեն 2 տարի օգտվում է մեր ծառայություններից եւ օգոստոս ամսին բջջային կապի վրա ծախսել է 8500 դրամ, ապա սեպտեմբերին նա կստանա 60 անվճար րոպե Beeline ներցանցային զանգեր կատարելու համար”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Բոնուսները տրամադրվում են բջջային կապի բոլոր վճարովի ծառայություններից օգտվելու դիմաց, բացառությամբ “Բալանսի փոխանցում” ծառայության:

Բոնուսային րոպեներ չեն տրամադրվում կանխավճարային համակարգի “Ազատ շփում”, “Խոսիր” եւ “Երեխաներ” սակագնային փաթեթների, ինչպես նաեւ շարժական ինտերնետի “Բազային”, “Գիշերային” եւ “Անսահմանափակ” սակագնային փաթեթների բաժանորդներին: