10:35 | 29.05.09 | Նորություններ | 4349
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ԱՖԿ “Սիստեմա”-ի անկախ տնօրեն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ռուսաստանյան հեղինակավոր “Կոմերսանտ” օրաթերթը, Ռոբերտ Քորչարյանի թեկնածությունն առաջադրվել է մայիսի 28-ին եւ կարող է հաստատվել հունիսի 27-ին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում:
Բացի ՀՀ նախկին նախագահից, ԱՖԿ “Սիստեմա”-ի անկախ տնօրենի պաշտոնին հավակնում է նաեւ Shyam Group of India-ի հիմնադիր Ռաջիվ Մեհրոտրան, ում ընկերությանը ԱՖԿ “Սիստեմա”-ի հետ համատեղ պատկանում է Sistema Shyam TeleServices հնդկական բջջային օպերատորը:
“Պարոն Քոչարյանը հիանալի գիտի ԱՊՀ երկրների շուկան, որում գործում են մեր դուստր ընկերությունները` MTS-ը, “Կոմստար-ՕՏՍ”-ը, “Սինտրոնիկսը”, ունի միջազգային համագործակցության բացառիկ փորձ եւ մեծ հարգանք է վայելում Ռուսաստանի եւ արտասահմանյան երկրների բիզնես հանրության շրջանում”,- նշել են “Սիստեմա”-ի մամլո ծառայությունում:
Հայաստանում ԱՖԿ “Սիստեմա”-ի ակտիվների թվում են` “Cornet AM” WiMax օպերատորը, “Ղ-Տելեկոմ” (Vivacell-MTS ապրանքանիշ) բջջային օպերատորը, “Մարս” գործարանը եւ երեք գիտահետազոտական ինստիտուտներ: