14:22 | 30.03.09 | Նորություններ | 4133
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն այսօր ասել է, որ Orange-ը “լուրջ մրցակից” կդառնա ՀՀ բջային կապի օպերատորների համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Նեյչո Վելիչկովն այսօր ասել է, որ “ԱրմենՏելը” երրորդ օպերատորի մուտքին նախապատրաստվում է ինչպես մարքեթինգային քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից: Միաժամանակ, նա հայտարարել է, որ “ԱրմենՏելը” մրցակցությունից չի վախենում եւ անելու է ամեն ինչ, որպեսզի պահպանի իր բաժանորդների վստահությունն ու նոր հաճախորդներ ներգրավի:
Պատասխանելով Հայաստանում Mobile Number Portability (MNP) ծառայության հնարավոր ներդրման մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Նեյչո Վելիչկովն ասել է, որ “այդ ծառայությունը տեղին է միայն բջջային կապի շուկայի 110-130 տոկոսանոց հագեցվածության պարագայում”:
“Սակայն ՀՀ-ում շուկայն այդքան հագեցած չէ, եւ MNP-ի ներդրումը կարելի է դիտարկել որպես “կանաչ լույս” շուկայի մասնակիցներից մեկի համար”,- ասել է “ԱրմենՏելի” ղեկավարը:
Նեյչո Վելիչկովն ընդգծել է նաեւ MNP-ի ներդրման համար համապատասխան օրենսդրական բազայի նախապատրաստման եւ տեխնիկական վերահագեցման անհրաժեշտությունը, ինչը, նրա կարծիքով, կպահանջի 2-4 տարի: