16:54 | 27.03.09 | Նորություններ | 3728

Հեքիաթների ժողովածուն պաշտոնական մեկնարկ հաղորդեց “Վիվասել-ՄՏՍ-ը` երեխաներին” ծրագրին

Երեւան /Մեդիամաքս/. Վայրի բնության պաշտպանության եւ մշակութային ժառանգության հիմնադրամն (FPWC) ու “Վիվասել-ՄՏՍ” բջջային օպերատորն այսօր ներկայացրել են “Արեւի հետքերով” հեքիաթների ժողովածուն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ ժողովածուի առանձնահատկությունը “երեխաները երեխաների համար”սկզբունքն է. բոլոր հեքիաթներն ու պատկերազարդումները պատրաստել են երեխաները: Նախագծի յուրահատկությունը նաեւ այն է, որ ընթերցողին հնարավորություն է ընձեռվում դառնալ համահեղինակ` առաջարկելով հեքիաթի սեփական վերջաբանը:

“Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ “այսօր մենք պաշտոնական մեկնարկ հաղորդեցինք “Վիվասել-ՄՏՍ-ը` երեխաներին” ծրագրին, եւ ամբողջ տարվա ընթացքում մեր ընկերությունը կլինի երեխաների կողքին ու նրանց հաճելի անակնկալներ կմատուցի”:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է նախագծի գաղափարը` նշելով շրջակա միջավայրի պաշտպանությանը երեխաների անմիջական մասնակցության անհրաժեշտությունը: Այս տարվա աշնանը “Արեւի հետքերով” ժողովածուն կթարգմանվի գերմաներեն լեզվով:

Միջոցառման շրջանակներում կայացել է նաեւ հավաքածուի ձայնային տարբերակի եւ www.savethenature.am ինտերնետային նախագծի շնոհրանդեսը: