14:10 | 17.03.09 | Նորություններ | 5732
Երևան /Մեդիամաքս/. Մարտի 23-ին iCON Communications-ը կսկսի ինտերնետային ծառայություններ մատուցել Երեւանում եւ մտադիր է մինչեւ տարեվերջ իր WiMAX ցանցի ծածկույթն ապահովել մայրաքաղաքի ամբողջ տարածքում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը` նշելով, որ 2010 թվականի ընթացքում ընկերությունը նախատեսում է իր WiMAX ցանցի ծածկույթն ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում:
Նա հայտարարել է, որ ընկերությունը դուրս է գալիս ՀՀ շուկա` բոլոր ինտերնետ պրովայդերների հետ մրցակցելու նպատակով:
“Մեր կորպորատիվ փիլիսոփայությունը ենթադրում է սպառողների սպասարկման բարձր ստանդարտների ու ցանցի տեխնիկական բարձր ցուցանիշների ներդրում եւ մրցունակ գներ ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում”,- ասել է Արամ Կաբլանյանը:
ՀՀ-ում iCON Communications-ի ներդրումների ծավալն առայսօր կազմել է $10 մլն, եւ սպասվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում կներդրվի եւս $15 մլն:
Ընկերությունն արդեն տեղադրել է WiMAX-ի 30 կայաններ եւ ծրագրում է դրանց թիվն ավելացնել եւս 18-ով: Ադամ Կաբլանյանի խոսքերով, մեծ թվով կայաններն անհրաժեշտ են ծառայությունների որակի պահպանման համար: iCON Communications-ի տեխնիկական մատակարարներն են Alcatel-ը եւ Siemens-ը:
Ադամ Կաբլանյանը նշել է նաեւ, որ ընկերությունը ծրագրում է առաջիկա ամիսներին սկսել VoIP ծառայությունների մատուցումը, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից արդեն համարային տարողունակություն է ստացել:
iCON ցանցը հիմնված է Alcatel-Lucent-ի 802.11 WiMAX լայնաշերտ ինտերնետային լուծման վրա:
iCON Communications-ը հիմնադրվել է 2007թ. դեկտեմբերին: Ընկերության ռազմավարական ներդրողը Դուբայում հիմնված VTEL Holdings-ն է (www.vtel.ae):