Երևան /Մեդիամաքս/. «Վիվասել-ՄՏՍ» ընկերությանն է պատկանում Հայաստանի բջջային կապի շուկայի ավելի քան 78 տոկոսը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարվել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ ՄՏՍ-ի փոխնախագահ, «ՄՏՍ. Արտասահմանյան ընկերություններ» բիզնես միավորի տնօրեն Օլեգ Ռասպոպովի համատեղ մամլո ասուլիսում:
2008թ. արդյունքներով, ընկերության բաժանորդային բազան գերազանցել է 2 մլն-ը:
Ինչպես նշել է Ռալֆ Յիրիկյանը, երրորդ օպերատորի` շուկա մտնելու կապակցությամբ «այդպիսի տոկոսային հարաբերակցություն պահպանելը դժվար կլինի, սակայն մեր թիրախը շուկայի առավելագույն մասնաբաժինն ունենալն ու առաջատարի դիրքերը պահպանելն է»:
Օլեգ Ռասպոպովը նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ՄՏՍ-ը մտադիր չէ վերանայել Հայաստանում 2009թ. համար նախատեսված իր ներդրումային ծրագրերը: Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընթացիկ տարվա ներդրումների նախնական ծավալը $ 95 մլն է, որոնք հիմնականում ուղղվելու են 2.5 G եւ 3 G ցանցերի զարգացմանը:
«Վիվասել-ՄՏՍ»-ը ծրագրում է 3G ցանցի փորձնական շահագործումը սկսել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում այս տարվա գարնանը: Յիրիկյանի խոսքերով, ընկերությունը դեռ չի որոշել 3 G-ի սակագնային քաղաքականությունը:
Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, «Վիվասել-ՄՏՍ»-ն այս տարի կրճատումներ չի նախատեսում: «Հնարավոր է` որոշ ժամանակ մենք նոր աշխատակիցներ չընդունենք, սակայն կրճատումներ հաստատ չենք անելու»,- շեշտել է նա:
Օլեգ Ռասպոպովը նշել է, որ «Վիվասել-ՄՏՍ»-ի եւ ՄՏՍ-ի ինտեգրումը հիմնականում ավարտված է, եւ «այդ գործընթացը շատ հաջող էր»: «Կցանկանայի նշել, որ դա հենց ինտեգրացիա էր, ոչ թե ձուլում, եւ գործընթացը երկկողմ բնույթ էր կրում»,- ասել է նա:
Պատասխանելով լրագրողների հարցին` Օլեգ Ռասպոպովը հերքել է ենթադրություններն այն մասին, թե «Վիվասել-ՄՏՍ»-ի սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծավալուն նախագծերը հարուցում են ՄՏՍ խմբի ղեկավարության դժգոհությունը:
«Այդ նախագծերը շատ արդյունավետ են եւ լայն արձագանք են գտնում հանրության շրջանում: Ավելին, դրանք մեծ օգուտ են բերում Հայաստանի բնակչությանը»,- նկատել է ՄՏՍ-ի փոխնախագահը:
ՄՏՍ-ը հուսով է, որ «կարգավորողը կշռադատված որոշում կկայացնի» ՀՀ-ում MNP-ի ներդրման վերաբերյալ
Մամլո ասուլիսին ՄՏՍ խմբի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը հույս է հայտնել, որ «կարգավորողը կշռադատված որոշում կընդունի» Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման ծառայության /MNP/ ներդրման հարցի վերաբերյալ:
Օլեգ Ռասպոպովն այդ մասին ասել է այսօր 2008թ. արդյունքներին եւ 2009թ. ծրագրերին նվիրված «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ համատեղ մամլո ասուլիսում` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին:
«ՄՏՍ խումբը միշտ էլ ողջունել է առաջադեմ որոշումները: Միաժամանակ, մենք դեռ հարցեր ունենք` Հայաստանում MNP մեխանիզմի ներդրման ժամանակավրեպության առնչությամբ: Խոսքը MNP-ի ներդրման համար պահանջվող ֆինանսական, կազմակերպչական եւ գործառնական ծախսերի եւ սպասվող արդյունքի հարաբերակցության մասին է»,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է Օլեգ Ռասպոպովը: Այդ կապակցությամբ ՄՏՍ-ի փոխնախագահը նշել է, որ հայաստանյան շուկայում մրցակցությունն առանց այդ էլ բավականին սուր բնույթ է կրում եւ «ավելի կսրվի ֆրանսիական օպերատորի տարեվերջին սպասվող մուտքով»:
«Մենք հույս ունենք, որ կարգավորողը կշռադատված որոշում կընդունի»,- ասել է Օլեգ Ռասպոպովը` նշելով, որ չնայած ընթացող քննարկումներին` MNP մեխանիզմը դեռեւս չի ներդրվել նախկին ԽՍՀՄ երկրներից եւ ոչ մեկում:
«Վիվասել-ՄՏՍ»-ը ծրագրում է լայնաշերտ ինտերնետ տրամադրել սեփական ցանցի միջոցով
ՄՏՍ-ի փոխնախախագահ Օլեգ Ռասկոպովի հետ համատեղ մամլո ասուլիսում «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերության ծրագրերում է լայնաշերտ ինտերնետի տրամադրումը` սեփական օպտիկամալուխային ցանցի միջոցով:
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի խոսքերով, այդ ծրագրերի մասին ավելի կոնկրետ կարելի կլինի խոսել ընկերության կողմից 2010թ. ծրագրերը կազմելուց հետո: «Սակայն այդպիսի ծառայությունների տրամադրումը մեր ծրագրերում միանշանակ առկա է»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին:
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենն ասել է, որ 2008 թվականին ընկերությունը Երեւանում ստեղծել է 100 կմ օպտիկամալուխային ցանց` իր բազային կայանների միջեւ կապ ապահովելու եւ տվյալների արագ փոխանցման ծառայություներ մատուցելու նպատակով: