14:44 | 09.02.09 | Նորություններ | 4445

«ԱՎՄՀ»-ը սկսել է վճարումներ ընդունել «Կարգին Կապ» IP-հեռախոսակապի օպերատորի օգտին

Երևան /Մեդիամաքս/. «ԱՎՄՀ» /«Ակնթարթային վճարումների միասնական համակարգ»/ վճարային համակարգը հայտարարել է, որ սկսել է վճարումներ ընդունել «Կարգին Կապ» IP-հեռախոսակապի օպերատորի ծառայությունների դիմաց:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է «ԱՎՄՀ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը, այսուհետ «Կարգին Կապ» օպերատորի բաժանորդները հնարավորություն ունեն ոչ միայն վճարել միջազգային հեռախոսակապի ծառայությունները «ԱՎՄՀ»-ի ինքնասպասարկման տերմինալների միջոցով, այլեւ օգտվել հեռախոսազանգեր կատարելու հարմարավետ մեխանիզմից: Մասնավորապես, վճարելով «Կարգին Կապի» ծառայությունների դիմաց` վճարողը ստանում է վեցանիշ համարով հատուկ կտրոն, որը թույլ է տալիս միջազգային հեռախոսազանգեր կատարել վճարողի հեռախոսահամարից` առանց PIN-կոդի:

Ինչպես նշել է Ռուբեն Հովհաննիսյանը, «ԱՎՄՀ»-ի զարգացման ռազմավարությունն ուղղված է տերմինալային ցանցի ընդլայնմանն ու հաճախորդներին նոր ծառայություններ մատուցելուն: Մասնավորապես, ընկերությունը աշխատանքներ է ծավալում կոմունալ ծառայությունների` գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարումներ ընդունելու ուղղությամբ: