12:17 | 29.06.26 | Նորություններ | 892

Կրքեր IMEI-ի շուրջ. խոշոր ներմուծողների շահերն ու կարգավորման մոդելի ընտրությունը

ՀՀ կառավարության կողմից ներկայացված բջջային սարքերի IMEI համարների գրանցման եւ վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու օրինագիծը շարունակում է քննարկումների առարկա մնալ։ 

«ԱրմենՏել» ընկերության նախկին իրավաբան Դավիթ Սանդուխչյանը կասկածի տակ է դրել նախաձեռնության տնտեսական հիմնավորումները։

Նա հիշեցրել է, որ սմարթֆոնների ներմուծման մաքսատուրքը Հայաստանում զրոյական է եւ հարց է բարձրացնում, թե որքանով է մաքսանենգության դեմ պայքարի հիմնավորումը համապատասխանում իրականությանը։

«Երբ կառավարության դիրքորոշումը պաշտպանողները կրկնում են, որ սա մաքսանենգ հեռախոսների դեմ պայքարի միջոց է, արդյո՞ք գիտեն, որ սմարթֆոնների ներմուծման մաքսատուրքը 0% է»,- նշել է Դավիթ Սանդուխչյանը։

Դավիթ Սանդուխչյանը Դավիթ Սանդուխչյանը


Նրա կարծիքով՝ եթե խնդիրը ԱԱՀ-ի հավաքագրումն է, ապա այն կարելի է լուծել մանրածախ վաճառքի փուլում հարկային վերահսկողության միջոցով, այլ ոչ թե պարտադիր գրանցման լրացուցիչ վճարների միջոցով։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ առաջարկվող 100 հազար դրամի գրանցման վճարը նոր սմարթֆոնների համար։

«Ես գրեթե համոզված եմ, որ այս ամենը մտածել են խոշոր ներմուծողները, որպեսզի փակեն փոքր մանրածախ վաճառողների հնարավորությունները։ Այդ դեպքում փոքր վերավաճառողների համար հեռախոսն ավելի թանկ կարժենա, քան խոշոր ներմուծողների մոտ», - նկատել է նա։


Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն էլ ընդգծում է, որ խնդիրը ոչ թե տեխնոլոգիան է, այլ այն, թե ինչպիսի կարգավորող մոդել է ընտրում պետությունը։

«Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների եւ իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաեւ IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։ Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ», - նշել է նա։

Փոխարենը, նրա գնահատմամբ, Հայաստանի օրինագիծն իր ճարտարապետությամբ ավելի մոտ է այն մոդելին, որն արդեն կիրառվում կամ ներդրվում է ԵԱՏՄ մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում։

Տիգրան Ջրբաշյանը Տիգրան Ջրբաշյանը


Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ իրեն չի հաջողվել գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որեւէ պարտադիր որոշում, որը Հայաստանից կպահանջեր ներդնել նման համակարգ։

«Տրամաբանական է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

1.Արդյո՞ք իրականացվել է լիարժեք Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA)։

2.Դիտարկվե՞լ են կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ եվրոպական փորձը։

3.Ինչո՞ւ են մերժվել ավելի քիչ սահմանափակող կարգավորման գործիքները։

4. Ի՞նչ հաշվարկներով է հիմնավորվում, որ ընտրված մոդելն ամենաարդյունավետն ու համաչափն է Հայաստանի պայմաններում։

Եվ վերջապես՝ ամենակարեւոր հարցը.

Եթե Հայաստանը գիտակցաբար ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է ԵԱՏՄ անդամ երկրներում ձեւավորված կարգավորման մոտեցմանը, քան Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոդելին, ապա ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը եւ ի՞նչ օբյեկտիվ առավելություններ է այն ապահովում Հայաստանի համար» - գրել է Տիգրան Ջրբաշյանը: