14:16 | 02.06.26 | Նորություններ | 367

Էդիտա Ղազարյանը՝ ԱՏՁՄ-ի նոր գործադիր տնօրեն

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) Խորհրդի միաձայն որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր է ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։

«Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության եւ համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում եւ համայնքի հետ ձեւավորված վստահելի հարաբերություններ։ ԱՏՁՄ Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին եւ վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնականոն եւ կայուն անցումը դեպի զարգացման նոր շրջան»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։

Վերջին չորս տարվա ընթացքում Էդիտա Ղազարյանը եղել է ԱՏՁՄ-ի աճի եւ զարգացման առանցքում՝ ղեկավարելով համայնքի ընդլայնման, եւ միջազգային կառույցների հետ ռազմավարական համագործակցության ուղղությունները։ Նրա անմիջական ներգրավվածությամբ ԱՏՁՄ-ն զգալիորեն ընդլայնել է միությանն  անդամակցող կառույցների շրջանակը՝ ներկայում միավորելով շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։

ԱՏՁՄ Խորհուրդը  խորին շնորհակալություն է հայտնում Սարգիս Կարապետյանին, ով միացել էր կազմակերպությանը 2023 թվականին եւ ղեկավարել կառույցը զարգացման կարեւոր փուլում՝ նպաստելով կազմակերպության շարունակական աճին եւ ազդեցության ընդլայնմանը։