14:07 | 02.06.26 | Նորություններ | 301

Հայաստան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը

Հունիսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI-ի առաջին փուլի իրականացման համար։

Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից ԱԲ տվյալների կենտրոն՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։ 

Կենտրոնը կօգտագործի ջրային հովացման փակ համակարգ, որը լիցքավորվելու է մեկ անգամ եւ օգտագործվում է մի քանի տարի շարունակ՝ ապահովելով բարձր էներգաարդյունավետություն եւ հուսալի աշխատանք։

Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչեւ 4 մլրդ դոլարի ներդրումներ եւ շահագործման հանձնել եւս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր AI տվյալների կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։

Առաջին փուլի գործարկումից հետո կենտրոնում կաշխատի մինչեւ 100 բարձրակարգ մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման եւ ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ՝ ստեղծելով նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։

Նախագծի կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության եւ Firebird AI-ի միջեւ կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին եւ մասնագետներին, ինչպես նաեւ ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում եւ բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում: