15:00 | 25.05.26 | Նորություններ | 245

Թումոն իր 15-ամյակի առթիվ գալա երեկո կանցկացնի Լոս Անջելեսում

Թումոն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին կանցկացնի իր 15-ամյակին նվիրված գալա երեկոն Լոս Անջելեսում՝ Վիբիանայի պատմական շենքում։ 

Միջոցառումը կմիավորի բարերարների եւ աջակիցների՝ Թումոյի 15 տարիների ազդեցությունը նշելու եւ միջոցներ հավաքելու Հայաստանում հետագա ընդլայնման համար։

Այս ձեռքբերումը Թումոն տոնելու է ուշադրություն հրավիրելով երեք նորարար առաջնորդների վրա, որոնց ներդրումները կարեւոր դեր են ունեցել Թումոյի առաքելությունն առաջ մղելու եւ Հայաստանի տեխնոլոգիական եւ ստեղծարար էկոհամակարգը հզորացնելու գործում՝ 

•    Վահե Կուզոյան՝ ServiceTitan, համահիմնադիր եւ նախագահ,
•    Ռեւ Լեբարեդեան՝ NVIDIA Omniverse & Simulation Technology, փոխնախագահ,
•    Արա Մահտեսյան՝ ServiceTitan, տնօրենների խորհրդի նախագահ, համահիմնադիր եւ գործադիր տնօրեն:

2011 թվականին Երեւանում հիմնադրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ձեւավորվել է մի պարզ համոզմունքի շուրջ․ եթե պատանիները հասանելիություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների եւ դիզայնի կրթությանը, նրանք կարող են բացահայտել իրենց ներուժը, ստեղծել իրենց ապագան եւ կարեւոր դեր ունենալ իրենց համայնքների զարգացման գործում։

15 տարի անց այս գաղափարը վերածվել է համաշխարհային կրթական ցանցի, որը հասանելի է 100.000-ից ավելի պատանու։ Թումոյի ինքնուսուցման եւ ոլորտային մասնագետների ղեկավարած դասընթացների ու աշխատարանների շնորհիվ ուսանողները հմտանում են 14 ոլորտում, այդ թվում՝ գեներատիվ AI, ծրագրավորում, անիմացիա, լուսանկարչություն, երաժշտություն, ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում եւ ավելին՝ զարգացնելով ստեղծարարությունը, ճկունությունն ու համագործակցելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում։

Յուրաքանչյուր շաբաթ տասնյակ հազարավոր պատանի հաճախում է Հայաստանի եւ աշխարհի Թումո կենտրոններ եւ տուփեր՝ դառնալով ստեղծագործ եւ նորարար երիտասարդների միջազգային համայնքի մասը։

«Թումոն մուտք է գործում մի նոր փուլ, այժմ մեր խնդիրը սուպերսովորողների նոր սերունդ ձեւավորելն է՝ պատանիներ, որոնք զինված են արագ փոփոխվող աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ տեխնիկական հմտություններով, հետաքրքրասիրությամբ եւ ճկունությամբ», - ասել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Գալայի ընթացքում հավաքված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Թումոյի ծրագրերի ընդլայնմանը եւ Հայաստանի գյուղական համայնքներում նոր կենտրոնների եւ տուփերի ստեղծմանը։