12:09 | 14.04.26 | Նորություններ | 236

Երեք հիմնական ռեսուրս՝ Հայաստանի ԱԲ ապագայի համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումին։

Նա անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաեւ գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը: 

Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի նոր փուլ, որտեղ փոքր երկրները կարող են ստանալ ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ սահմանելու եւ ներկայի մոմենտումից օգտվելու դեպքում։ 

Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները եւ մարդկային կապիտալը։ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա եւ հետեւողական զարգացումից։ 

Նրա գնահատմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում եւ դառնալ մրցունակ խաղացող՝ ձեւավորվող նոր տնտեսական իրականությունում։