Երեւանում մեկնարկել է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը։
Մարտի 23-27-ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կարգախոսն է` «Միասին հուսալի կապի եւ թվային ապագայի համար»։
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ներառում է՝
• Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական բանականությունը թվային աճի համար թեմայով;
• Հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ;
• Կլոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ մարտահրավերների շուրջ;
• Կլոր սեղան քննարկում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ;
• Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետ ծանոթության օր;
• Ակադեմիական օր։
Այն նպատակ ունի միավորելու հեռահաղորդակցության օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմիններին, միջազգային եւ տեղական տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաեւ կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները եւ թվային ապագան։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության վառ ապացույցն է:
«Հայաստանը վերջին տարիներին կարեւոր առաջընթաց է գրանցել հեռահաղորդակցության ոլորտում՝ ենթակառուցվածքների զարգացման, մրցակցային միջավայրի ձեւավորման եւ թվային ծառայությունների ընդլայնման ուղղությամբ։ Այս հաջողությունները հնարավոր են դարձել պետության, կարգավորող մարմինների, օպերատորների եւ տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության շնորհիվ։ Հավատարիմ մնալով Հայաստանի օպերատորների միության առաքելությանը` մենք նպաստում ենք այս համագործակցության զարգացմանը։ Այսօր եւ առաջիկա 4 օրերին մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ տարբեր դերակատարներ կարող են հանդիպել, քննարկել, փոխանակվել փորձով եւ միասին ձեւավորել ոլորտի ապագան», - նշել է Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։