17:08 | 13.01.26 | Հոդվածներ | exclusive 85

ԵՊՀ գերհզոր համակարգիչը. Երբ ցանկությունը դառնում է անհրաժեշտություն

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) շենքերից մեկում սենյակ կա, որտեղ միշտ սառն է։ Ոչ թե որովհետեւ ձմեռ է, այլ որովհետեւ այստեղ աշխատում է մի համակարգ, որը տաքանում է մտածելուց։

Այս սենյակում էլ 2026 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ գերհամակարգչի պաշտոնական բացումը։ Այն նախատեսված է գիտական այնպիսի խնդիրների լուծման համար, որոնք սովորական համակարգիչներին «հասու չեն»։ 

Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված գերհամակարգիչը, համալրված 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։

photo © Մեդիամաքս


Հրանտ Խաչատրյանը ԵՊՀ-ում ղեկավարում է մեքենայական ուսուցմամբ զբաղվող գիտական խումբ։ 2023-ին, երբ իրենց թիմը սկսեց համագործակցել ԱՄՆ-ում աշխատող գործընկերների հետ, մի բան պարզվեց, որը շատ արագ շրջադարձային դարձավ. Հայաստանում իրենք փորձում էին լուծել նույն գիտական խնդիրները, ինչ ամերիկյան լաբորատորիաները, բայց՝ անհամեմատ փոքր ռեսուրսներով։

Հրանտ Խաչատրյանը Հրանտ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


«Երբ իրենք տեսան՝ ինչ համակարգիչներով ենք աշխատում, ասացին՝ այսպես չի ստացվի, պետք է ավելի մեծ ռեսուրս», - հիշում է Հրանտը։

Այդ պահին մեծ համակարգիչ ունենալու գաղափարը դարձավ է ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն։ Բայց անհրաժեշտությունը դեռ լուծում չէր։ Լուծումը պահանջում էր գործընկերներ, ֆինանսավորում, համբերատարություն՝ պետական գործընթացների միջով անցնելու համար։

Գաղափարի բովանդակային հիմնավորումը պատրաստեց գործընկերը՝ Արմեն Աղաջանյանը։ Նա մի բրոշյուր կազմեց այն մասին, թե ինչի համար է պետք համակարգիչը, ինչ խնդիրներ կարող են լուծվել դրանով, ինչ հեռանկար է այն բացում։

2023-ի վերջում Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ առաջարկվեց ֆինանսավորում նախատեսել ոչ միայն համակարգչի, այլեւ ամբողջ տվյալների մշակման կենտրոնի համար։ 2024-ին գումարն արդեն հատկացված էր։ 

photo © Մեդիամաքս


«Համակարգիչը ֆիզիկապես հասավ 2024-ի վերջում, բայց մենք չէինք կարող գործարկել, որովհետեւ տվյալների կենտրոնի կառուցումը ուշանում էր», - հիշում է Հրանտ Խաչատրյանը։

2025-ին սրահը պատրաստ էր՝ հոսանքի պաշտպանություն, գեներատորներ, հովացման համակարգեր։ Տվյալների մշակման կենտրոն մտնելիս առաջինը նկատվում է սառնությունը։ Սրահում միշտ նույն ջերմաստիճանն է՝ 16–18 աստիճան։

photo © Մեդիամաքս


ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը ցույց է տալիս համակարգերի շերտ առ շերտ կառուցվածքը։

Հոսանքի անխափան սնուցման համար կան երեք խմբի UPS համակարգեր, որոնք կարող են մինչեւ 20 րոպե պահել ամբողջ բեռը մինչեւ դիզելային գեներատորները կմիանան։

Ռուբեն Աբրահամյանը Ռուբեն Աբրահամյանը
photo © Մեդիամաքս


Սրահի հատակը բարձրացված է։ Տակով անցնում են հարյուրավոր մալուխներ՝ հոսանքի եւ ցանցի համար։ Վերեւում՝ հրդեհաշիջման համակարգեր, որոնք աշխատում են ոչ թե ջրով, այլ գազով, որպեսզի կրակը հանգցնեն առանց սարքերը վնասելու։

Ամենակարեւոր տեխնոլոգիական առանձնահատկություններից մեկը՝ հեղուկով հովացման համակարգն է։

photo © Մեդիամաքս


«Այս հովացման տեխնոլոգիան գրեթե չի օգտագործվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում։ Դա թույլ է տալիս նվազեցնել էներգիայի ծախսը եւ բարձրացնել սարքերի արդյունավետությունը», -  ասում է Ռուբեն Աբրահամյանը։

photo © Մեդիամաքս


Գերհամակարգիչը բաղկացած է ութ հաշվարկային հանգույցներից, որոնցից յուրաքանչյուրում կա 8 հզոր GPU։ Ընդհանուր՝ 64 բարձրակարգ գրաֆիկական պրոցեսոր, որոնք նախատեսված են հատկապես արհեստական բանականության մոդելների ուսուցման համար։

photo © Մեդիամաքս


Այսպիսի համակարգերը կոչվում են HPC (High Performance Computing) կամ՝ գերհզոր հաշվարկային համակարգեր։ 

Հրանտ Խաչատրյանի խումբն արդեն աշխատում է, օրինակ, այնպիսի ԱԲ մոդելի վրա, որին կարելի է «խնդրել» առաջարկել նոր մոլեկուլ՝ կոնկրետ կենսաբանական հատկություններով։

photo © Մեդիամաքս


«Փորձում ենք ստեղծել արհեստական բանականություն, որը կառաջարկի մոլեկուլ, որը գուցե գոյություն չունի, բայց կարող է ունենալ մեզ հետաքրքրող հատկություններ։ Հետո կենսաբանները կարող են դա փորձարկել լաբորատորիայում», - պատմում է Հրանտ Խաչատրյանը։

Մեկ այլ ուղղություն՝ ռոբոտների եւ դրոնների համար արհեստական բանականության բաղադրիչներ ստեղծելն է, որպեսզի դրանք կարողանան որոշումներ կայացնել ոչ թե միայն ծրագրավորված հրահանգներով, այլ միջավայրն ընկալելով։ 

photo © Մեդիամաքս


ԵՊՀ ՏՏ գիտական գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի համար այս համակարգը մեկ խմբի նախագիծ չէ, այլ ամբողջ համալսարանի գիտական ռազմավարության մաս։

«Ունենք մի քանի խմբեր, որոնք զբաղվում են արհեստական բանականությամբ, մեքենայական ուսուցմամբ, նյութագիտությամբ, օպտիկայով, քիմիայով։ Այս հարթակը բոլորի համար է», - ասում է Ռաֆայել Բարխուդարյանը։

Բացի մաքուր ԱԲ հետազոտություններից, համակարգը նախատեսված է նաեւ ֆիզիկոսների, քիմիկոսների, կենսաբանների համար, որոնք իրենց ոլորտներում ունեն մեծ հաշվարկների կարիք։

«Գերհզոր համակարգիչը աշխատանքը չի հեշտացնում, այլ բարդացնում է, որովհետեւ մեծացնում է ձեր հավակնությունները։ Դուք սկսում եք ավելի մեծ խնդիրներ ձեւակերպել», - անկեղծանում է Ռաֆայել Բարխուդարյանը։

photo © Մեդիամաքս


Այս համակարգը նաեւ կրթական գործիք է։ Մագիստրոսներն ու ասպիրանտները սովորում են աշխատել այնպիսի ենթակառուցվածքների հետ, որոնք սովորաբար հասանելի են միայն խոշոր միջազգային կենտրոններում։ 


Տարիներ շարունակ Հայաստանում հաճախ ասում էին՝ «մենք այդքան ռեսուրս օգտագործել չգիտենք»։ 2019-ին նույնիսկ արձանագրվել էր, որ մարդկային պատրաստվածությունը բավարար չէ մեծ համակարգիչների համար։

Բայց վերջին հինգ տարիներին իրավիճակը փոխվել է։ Այսօր Հայաստանում կան տասնյակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել նման համակարգերի հետ՝ թե համալսարաններում, թե մասնավոր ընկերություններում։

photo © Մեդիամաքս


«Ես վստահ էի, որ ստացվելու է։ Պարզապես պետք էր չկանգնել», - ասում է Հրանտ Խաչատրյանը։

photo © Մեդիամաքս


Այս սրահում հիմա աշխատում են մեքենաները։ Բայց իրականում այստեղ աշխատում է նաեւ մի այլ բան՝ հավատը, որ գիտությունը Հայաստանում կարող է ոչ թե պարզապես գոյատեւել, այլ ստեղծել եւ աշխարհին նոր գաղափարներ առաջարկել։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի