17:53 | 10.04.25 | Նորություններ | 845

Ամփոփվել են «Կուղբ» ինֆորմատիկայի միջազգային մրցույթի արդյունքները

Մարտի 23-ին առաջին անգամ Հայաստանում կայացել է «Կուղբ» (Bebras) ինֆորմատիկայի միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունը, պարգեւատրվել են մասնակից դպրոցների բարձր ցուցանիշ գրանցած աշակերտները եւ նրանց ուղեկցող ուսուցիչները։

Մրցույթի գլխավոր նպատակն է երկրի բոլոր դպրոցներում աշակերտների մոտ բարձրացնել ինֆորմատիկա առարկայի կարեւորությունը եւ նպաստել արդյունավետությանը։ Մրցույթն անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 7-ը։

Մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Codzilla ՏՏ կրթական կենտրոնն է։ Համագործակցելով FAST հիմնադրամի, ԱՏՁՄ-ի, Այբ դպրոցի եւ մի քանի հանրակրթական դպրոցների հետ մրցույթը անցկացվել է 9 մարզի 37 դպրոցում եւ մրցույթին մասնակցել է 2,159 աշակերտ՝ ներառելով դպրոցականների բոլոր տարիքային խմբերը:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագիր է հանձնվել Արմեն Անդրեասյանին՝ Ինֆորմատիկայի միջազգային մրցույթներին Հայաստանի համար նվիրական ներդրումների եւ «Կուղբ» (Bebras) ինֆորմատիկայի միջազգային մրցույթը Հայաստանում մեկնարկելու միջնորդության համար։

1-ինից 12-րդ դասարանների ամենաբարձր արդյունքներ գրանցած աշակերտները պարգեւատրվել են մեդալներով եւ հավաստագրերով։

Մրցույթին մասնակցած 37 դպրոցի մրցույթի դեսպանը դարձած ուսուցիչները պարգեւատրվել են շնորհակալագրերով եւ Խնդրագրքերով։ Յուրաքանչյուր դպրոցի առավելագույն միավոր վաստակած աշակերտ պարգեւատրվել է հավաստագրով։