«Ինժեներական քաղաք»
17:18 | 10.04.25 | Նորություններ | 838
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռեւս ազատ մնացած լոթեր են առկա: Վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, որ տրամադրվի 500 քմ-ը գերազանցող հողակտորներ։
««Ինժեներական քաղաքում» ներկայում կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը, ինչպես նաեւ արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը եւ առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները, ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջեւ են կիսվելու, ինչը մեզ համար կարեւոր է՝ հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը: Այս պահի դրությամբ ԲՏԱՆ, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն անդրադարձել է նաեւ բիզնես-աքսելերատորի շենքի կառուցման աշխատանքներին.
«Սա եւ՛ գրասենյակային տարածքների, եւ՛, որ ամենակարեւորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր, ենթակառուցվածք է իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլեւ ընդհանրապես՝ ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու»:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի մայիսի 31-ից «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնն աշխատում է. այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական եւ հետազոտական խումբ աշխատում է, օգտագործում է այդ ենթակառուցվածքը։ Ավելի քան 30 նախագծի վրա գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում։